ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանն օր օրի բարգավաճում ու ծաղկում է, ավելանում են էլիտար շենքերն ու առանձնատները, Երեւանում դեռ կան մարդիկ, որոնք ապրում են տնակներում:
37-ամյա Անահիտն այդ մարդկանցից մեկն է. արդեն 10 տարի է` ապրում է կիսախարխուլ տնակում: Այդ հին տնակը տեղադրված է ճամփեզրին՝ Թբիլիսյան փողոցում: Այն կիսաթեք վիճակում է եւ ցանկացած պահի կարող է շրջվել: «Մի քանի քար ենք դրել, որ պահի, շուռ չգա, բայց դե չգիտեմ` ինչքան կպահեն էդ քարերը. մի օր չի դիմանա ու կքանդվի, չգիտեմ էլ` ինչ ենք անելու էդ ժամանակ»,-բացատրեց տիկին Անահիտը:
Այս փոքրիկ տնակում Անահիտն ապրում է ամուսնու հետ. երկուսն էլ գործազուրկ են. «Դե մշտական աշխատանք չունենք, ինչ պատահի` անում ենք, որ գոնե օրվա հացը վաստակենք: Ամուսինս բանվորություն է անում, ես էլ առաջ խանութում հավաքարար էի աշխատում, քիչ, թե շատ եկամուտ ունեինք: Հիմա մեկ-մեկ ստացվում է, որ կանչում են` տները մաքրելու»:
Ավարտելով «աշխատանքային օրը»` նրանք վերադառնում են իրենց կիսախարխուլ, ցուրտ բնակարանը: Տան եւ դրսի ջերմաստիճանը գրեթե նույնն է. դրսից ներս մտնելով` ոչ մի տարբերություն չես զգա: Տնակը ջեռուցում են փայտե վառարանով՝ հարեւանների տված կամ այստեղից-այնտեղից գտած փայտով:
«Խնայողաբար ենք տաքացնում, որ գոնե հերիքի, էս ձմեռն անցնի. առավոտյան վառում ենք, մի քիչ տաքանում, հետո մեկ էլ որ գալիս ենք տուն, էդ ժամանակ մի երկու-երեք ժամով վառում ենք, տաքանում ու վերջ»,-նկարագրեց տիկին Անահիտը:
Բայց երբ անձրեւ է գալիս, կամ ձյունը սկսում է հալչել, ոչինչ այլեւս չի օգնում: Տանիքը բարվոք վիճակում չէ եւ սկսում է կաթել, նրանք էլ ստիպված դույլեր եւ ամաններ են դնում, որ ջուրը չտարածվի: «Հույսով սպասում ենք, որ գարունը գա, գոնե կկարողանանք տանիքն ինչ-որ կերպ սարքել, գոնե էնպես անենք, որ անձրեւի ժամանակ չկաթի, արդեն էսպես հնարավոր չի: Անցած տարի` գարնանը, կարողացանք էս դոմիկի պատերի անցքերը փակել, էնպես էր քամին էդ անցքերից փչում, որ հնարավոր չէր տաքացնել, ցելոֆաններով էինք փակում: Էս տարի էլ հույս ունեմ` տանիքը կսարքենք»,-հույսով ավելացրեց տիկին Անահիտը:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս