«ՄԱՐՍԻ ՎՐԱ ԱՌԱՋԻՆԸ ԵՍ ԿԽԱՂԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս պահին ծառայում է ՀՀ բանակում, բայց մենք կարողացանք հանդիպել նրա հետ օրեր առաջ, երբ արձակման թերթիկով տուն էր եկել: Դերասան, երգիչ, դիվանագետ Հայկը ծնվել է 1987թ. հունիսի 8-ին Երեւանում, ինչպես ինքը կատակով նշեց, 3-րդ մասի ծննդատներից մեկում, քանի որ տատիկի ծանոթն այնտեղ բուժքույր էր աշխատում:
-Քանի՞ ամիս է, ինչ ծառայում եք բանակում:
-2 ամիս է, նորակոչիկ եմ:
-Բանակ գնալուց առաջ փորձառու, ծառայած ընկերները սովորաբար սկսում են խորհուրդներ տալ: Ձեզ ինչե՞ր էին ասում:
-Բոլորն իրենց զորամասերի պատմությունները պատմել էին, բայց ընկերներիս ծառայության ընթացքում ես գնացել եմ նրանց զորամասերը, մոտավորապես պատկերացնում էի: Չնայած, երբ հասնում ես այնտեղ, լրիվ ուրիշ բան է դուրս գալիս:
-Հարմարվե՞լ եք բանակային կյանքին:
-Հա՛, մնում է բանակային կյանքն ինձ հարմարվի:
-Իսկ ինչո՞վ էիք զբաղվում մինչ բանակ գնալը:
-Երբ վերջացավ «Սուպերսթար» նախագիծը, ու ես զբաղեցրի պատվավոր 6-րդ հորիզոնականը, գրեցի ու խաղացի մի մոնոներկայացում, բառախաղ էի արել իմ անվան հետ` «Հայկասթրես», որ յ տառը ջնջես, կդառնա հակասթրես:
-Ինչի՞ մասին էր:
-Սթենդ ափ շոու է` ամերիկյան ոճի, բայց իմը մի քիչ տարբերվում էր, քանի որ երաժիշտներ կային, ես էլ կիթառով իմ հեղինակային երգերն էի երգում: Ներկայացումը ջահելության մասին է, տղա-աղջիկ հարաբերությունների: Հետո էլ համեմատություններ էի անում` ֆրանսիացի աղջիկ-տղա հարաբերություններն ինչպես են լինում: Ի դեպ, ներկայացման մեջ ոչ մի բան հորինված չէր, այն իրավիճակները, որ ներկայացնում էի, կա՛մ ինձ հետ էին եղել, կա՛մ էլ ընկերներիս: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, ինչքան խաղացել եմ, հաջողությամբ է գնացել:
-Ձեր հայրը` Վարդան Պետրոսյանը, ի՞նչ ներդրում է ունեցել այդ ներկայացման մեջ:
-Երբ ես պատրաստվում էի պրեմիերայի, պապան այդ ժամանակ հյուրախաղերով Ամերիկայում էր: Հեռախոսով մի անգամ հետը խոսում էի, ասացի` շատ կուզենայի, որ էս պահին էստեղ լինեիր, մի հատ խորհուրդ տայիր: Դե ես փորձ չունեի այդ բնագավառում, մասնագիտությամբ դիվանագետ եմ, բեմ էլ չէի բարձրացել ու հիմա պետք է դուրս գայի ու 1 ժամ 40 րոպե դահլիճ պահեի: Պապան շատ ճիշտ խորհուրդ տվեց, ասաց. «Դու պետք է մենակով այդ ամենի միջով անցնես»: Եկավ հասավ չորրորդ-հինգերորդ ներկայացման ժամանակ: Նայեց, հավանեց, մի քանի դիպուկ նկատողություններ արեց իմ բեմական կեցվածքի, շարժուձեւի վերաբերյալ:
-Ի՞նչ է Ձեզ համար Վարդան Պետրոսյանի որդին լինելը` պարտավորվածությո՞ւն, թե՞ առիթից օգտվելու հնարավորություն:
-Չէ՛, բացարձակ էդպիսի բան չկա: Պարտավորություն էլ կա, իմ կողմից նաեւ մեծ հպարտություն: Մի բանով էլ եմ ուրախ, որ բացի հայր ու որդի լինելուց, մենք առաջին հերթին լավ ընկերներ ենք: Մորս հետ էլ եմ կարողանում ընկերություն անել:
Ինչ վերաբերում է հորս անվանը, ապա ցանկացած տղա պետք է բարձր պահի իր հոր անունը, ուղղակի իմ դեպքում, որ պապան հայտնի մարդ է, իմ արածը երեւում է: Կոմպլեքսներ չունեմ` պապայի անվան հետ կապված: Նախ` մենք շատ լավ ենք իրար հետ, ես իրա ստվերի տակ չեմ մեծացել, երկրորդն էլ` ես շատ ամաչկոտ տղա չեմ: Իմ անհատականությունը միշտ էլ դրսեւորել եմ:
Հետո էլ  էնպես չէ, որ ես վերջնական որոշել եմ դերասան դառնալ: Երբ «Սուպերսթար»-ին գնացի, էլի նպատակ չունեի բեմում մնալու, բայց մի քանի անգամ ծափահարեցին, այսպես ասած` համն ընկավ բերանս, որոշեցի շարունակել: Հիմա տեսնենք` ոնց կլինի: Արդեն ամբիցիաներ ունեմ` աշխարհահռչակ մարդ դառնալու: Որոշել եմ, որ Մարսի վրա առաջին ներկայացումը ես խաղամ:
-Մարսի վրա՞:
-Բա՛, էդպիսի օր գալու է, երբ ես կխաղամ իմ ստենդ ափ շոուն ու կզարմացնեմ այլմոլորակայիններին:
-Դուք նաեւ երգում եք, հիմա ո՞ր «ափսեի» մեջ եք Ձեզ ավելի հարմար զգում:
-Գիտեք, ես էլ եմ շատ մտածել: Ներկայացումից բացի, «Ուլիխանյան» ակումբում նաեւ մենահամերգ ունեցա ու երբ տեսնում էի, որ չեմ կարողանում դահլիճը կառավարել, սկսում էի հումոր անել: Ա՛յ հիմա չգիտեմ` որ մեկն եմ ավելի շատ սիրում: Երկուսն էլ զուգահեռ են գնում: Երգչի իմ կարիերան սկսել եմ մանկուց, ցնցուղի  տակ երգելուց:
-Հինգ տարի ապրել եք Փարիզում, ինչո՞ւ այնտեղ չփորձեցիք կարիերա անել:
-Կարճ պատասխանեմ այդ հարցին. վերադարձա անձնական պատճառներով, էլ չմանրամասնենք: Հետո դուրս կգնամ, երեւի Նյու Յորք, ստենդ ափ շոուն հենց Ամերիկայում է ծնվել-մեծացել, այդ ժանրում այնտեղ ավելի նոր բաներ կտեսնեմ, կսովորեմ:
-Մասնագիտությամբ դիվանագետ եք, գոնե մի օր աշխատե՞լ եք այդ ոլորտում:
-Այո՛, Փարիզում աշխատել եմ, իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ ընտրեցի այն պատճառով, որ այնտեղ պատմություն ես անընդհատ սովորում, ինչը ես շատ սիրում եմ: Հետո 16 տարեկանից ուզում էի Հայաստանի նախագահ դառնալ:
-Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք այդ երազանքից:
-Չեմ հրաժարվել, դա երազանք չէ, նպատակ է: Այդ նպատակի ձեւը մի քիչ փոխվեց, այսինքն` ինչ-որ կերպ ծառայել հայրենիքին՝ թեկուզ արվեստով: Յուրաքանչյուր զինվոր այստեղ անընդհատ մտածում է իր ապագայի մասին: Դեռ չգիտեմ` ինչ կանեմ 2 տարի հետո: Երազանքների մասին` զորացրումից հետո:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս