Ռ. Սաֆարովի արտահանձնումը եղել է կոնվենցիայի չարաշահում. Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն այսօր Ռամիլ Սաֆարովի արտահանձման խնդրի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

«Հարգելի գործընկերներ, մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև ««Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումն կանխարգելելու միջոցառումների մասին» ԵԽԽՎ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով: Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:

Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար:




Լրահոս