«ՏԱՇԻՐ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ նախաձեռնել է հերթական բարեգործական ծրագիրը: Այդ մասին հանրությանը տեղեկացրեց «Տաշիր»-ի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը. այս անգամ հիմնադրամը համագործակցության առաջարկ է արել լեյկոզով հիվանդ երեխաների բուժման օժանդակությամբ զբաղվող «Օգնեմ» հիմնադրամին, որի հետ համագործակցության շնորհիվ արյան քաղցկեղով տառապող 27 երեխաների բուժման ծախսերը հոգալու համար «Տաշիր»-ը յուրաքանչյուրին կհատկացնի 2000-ական ԱՄՆ դոլար:  Ըստ ներկայացուցչի` «Տաշիր»-ը խորհրդակցել է «Օգնեմ» հիմնադրամի հետ, վերջինս առաջարկել է, որպեսզի հատկացվելիք գումարի չափը լինի 500 հազար դրամ, սակայն Կարեն եւ  Սամվել Կարապետյանները որոշել են ավել գումար հատկացնել, որպեսզի բուժումը լինի վերջնական եւ ավելի արդյունավետ: Ի լրումն` «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը տեղեկացրեց, որ արյան քաղցկեղով տառապող թվով 40  երեխաներից 27-ն իսկապես ուեն բուժման հրատապ անհրաժեշտություն եւ  շնորհիվ հատկացվելիք գումարի կարող են բուժումն անցնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, իսկ բուժման ողջ ընթացքին կարելի է հետեւել «Օգնեմ»-ի կայքում: Էդգար Գյանջումյանը լեյկոզով տառապող երեխաների խնդիրներից առանձնացրեց նրանց կեցության հարցը` ասելով, որ մարզաբնակ շատ երեխաներ բուժման նպատակով Երեւան են տեղափոխվում եւ շատ հաճախ ունենում են կեցության խնդիր: Իրենց բարեկամների տանը մնալով` նրանք, հնարավոր է, վտանգեն իրենց առողջությունը, քանի որ իրենց իմունիտետը ցածր է, եւ կարող են վիրուսակիր դառնալ: Բացի այդ, արյան քաղցկեղի բուժման համար նախատեսված մի շարք դեղեր Հայաստանում արտոնագրված չեն, ուստի «Օգնեմ» հիմնադրամն առաջարկել է դրանց արտոնագիր տրամադրել: Նշենք, որ «Օգնեմ»-ը ստեղծվել է 2008 թվականին եւ այս ժամանակահատվածում հասցրել է օգնություն տրամադրել արյան քաղցկեղով հիվանդ շատ ու շատ երեխաների: Ի դեպ, Կարեն եւ Սամվել Կարապետյանները ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կազմակերպած հանգանակության երեկոյին 5 մլն ԱՄՆ դոլար են տրամադրել մայրաքաղաք  Մոսկվայում եկեղեցու կառուցման համար:

Պատրաստեց ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ




Լրահոս