Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ, քանի որ, եթե այստեղ ներկա լիներ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս չգիտեր Աստանայում Հայաստանին ինչ է սպասվում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այդպես էլ չկարողացավ հստակ որևէ հարցի պատասխանել Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության և այդ կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասով:

Ն. Զոհրաբյանը  կարծիք հայտնեց, որ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որպեսզի ինչ-որ մի ֆորմատով արտաքին գերատեսչության ղեկավարը գա խորհրդարան և այս հարցերի վերաբերյալ պատգամավորներին  պարզաբանում տա:

«Ես այսօր հենց գրավոր կդիմեմ պարոն Նալբանդյանին` հրավիրելով առնվազն սկզբի համար մեր հանձնաժողով`  պարզաբանումներ ստանալու համար: Բայց, կարծում եմ, որ սա մեկ հանձնաժողովի խնդիր չէ, պետք է ողջ խորհրդարանը իրազեկվի»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Նազարբարևի այն հայտարարությունը, թե Հայաստանը ԵՏՄ-ին պետք է միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միացած տարածքով, այսինքն առանց Լեռնային Ղարաբաղի, Զոհրաբյանը շեշտեց. «Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի քաղաքական որևէ ուժ, որ այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում կդրսևորի»,- ընդգծեց նա:




Լրահոս