ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞վ բացատրել, որ համայնքի ղեկավարի բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքը չի արգելում վերջինիս առաջադրվել, ընտրվել, պաշտոնավարել, իսկ, ասենք, նրա ենթակայության տակ գտնվող դպրոցի տնօրենի` բուհ ավարտած լինելը պարտադիր է համարվում:

Կարինե Գասպարյան, 38 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ  գործող  օրենսդրությամբ (Ընտրական օրենսգիրք, 132-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 24-րդ հոդված)` համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու համար կրթական ցենզ իսկապես չի սահմանվում: Այդ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի ղեկավարի պաշտոնը համարվում է ընտրովի քաղաքական պաշտոն: Համայնքի ղեկավարն անմիջականորեն ընտրվում է բնակչության կողմից եւ ունի առաջնային մանդատ:  Ընտրողն  է որոշում` ում տալ իր վստահության քվեն` հաշվի առնելով թեկնածուի ծրագիրը, կատարած աշխատանքը, հմտությունները եւ ունակությունները: Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ 2011թ. դրությամբ` հանրապետության համայնքապետերի 61,3 տոկոսն ունի բարձրագույն, 29,1 տոկոսը` միջին մասնագիտական եւ միայն 9,4 տոկոսը` միջնակարգ կրթություն:
Հարկ է նշել, որ «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա»-ում եւս նման սահմանափակումներ նախատեսված չեն:
Ինչ վերաբերում է դպրոցների կամ դպրոցների տնօրենների խնդրին, ապա  հայտնում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները  համայնքապետերի ենթակայության ներքո չեն գործում, ինչպես նշված է հարցադրման մեջ: Հիմնական դպրոցները մարզպետարանների, իսկ ավագ դպրոցները` կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո են: Դպրոցները մասնագիտական գործունեություն են իրականացնում, եւ բնականաբար, նրանց ներկայացվող պահանջներն այլ են:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Արդյունքում ստացվում է այնպես, որ համայնքի ղեկավարները շատ հաճախ ամենահասարակ գրության  մեջ տասնյակ ուղղագրական եւ կետադրական սխալներ են թույլ տալիս:  Ամեն դեպքում արժե նշել, որ կրթական նվազագույն ցենզի պարտադիր լինելու դեպքում գոնե ամեն մի պատահական մարդ համայնքապետ դառնալու հավակնություններ չէր ունենա:




Լրահոս