Փոքր բիզնեսն ազատել հարկերից` պահանջելով աշխատատեղերի ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նախորդ ծրագրով նախատեսված էր ստեղծել 100.000-ից ավելի աշխատատեղ, սակայն կառավարության այս ծրագրում որևէ թիվ նշված չէ: Դրա փոխարեն՝ նախատեսված է իրականացնել զբաղվածության ճկուն կարգավորման քաղաքականություն, մասնավորապես, որպես առաջնահերթություն նշվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումը

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, armlur.am-ը փորձեցինք պարզել տնտեսագետ Վահագն Խաչատրյանից ու գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանից:

Վահագն Խաչատրյանը խորհուրդ է տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին չչարչարվել և չուսումնասիրել կառավարության այս ծրագիրը, քանի որ, ըստ նրա` կառավարության այս ծրագիրը որևէ հաջողություն չի ունենալու:

«Քանի դեռ իրականացվող քաղաքականությունը չի փոխվել, իշխանությունները չեն դրսևորել քաղաքական կամք, լուծել կյանքի որակի բարելավմանն ուղղված խնդիրները, ավելորդ է ձեր բարձրացրած հարցի մասին խոսելը»,- համոզված է տնտեսագետը` հավելելով, որ անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովման մասին խոսելուց առաջ պետք է նախևառաջ աշխատատեղեր ստեղծել:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ի տարբերություն Վահագն Խաչատրյանի, մի փոքր լավատես է: Նա պարզաբանում է` ինչու է կառավարությունը խուսափել աշխատատեղերի հստակ թիվ ամրագրելուց:

«Կառավարությունը լավ հասկացավ, որ 100.000-ի մասին գրելն ու խոսելն ուղղակի պոպուլիսատական է: Բայց դա չի նշանակում, որ եթե թիվ գրած չէ` աշխատատեղեր չեն ստեղծվում: Այս կառավարությունը մի քիչ ճկուն ու խորամանկ է մոտեցել: Նա ձգտելու է նվազագույն աշխատավարձը դարձնել 65.000 դրամ և իջեցնել աղքատությունը 10 տոկոսով:

Բայց այսօր ունենք 90.000 աշխատող, որը ստանում է նվազագույն աշխատավարձ: Այդ 90.000-ից 10.000-ն աշխատում է պետական սեկտորում: Եթե պետությունը բարձրացնի նվազագույն աշխատավարձը, կլուծի ընդամենը պետական սեկտորում աշխատող 10.000-ի հարցը, իսկ մնացած 80.000-ի հարցը կգցի մասնավոր սեկտորի վրա: Հետևաբար, կարիք կա խթանել փոքր և միջին բիզնեսը, մասնավորապես, եթե կառավարությունը փոքր բիզնեսն ազատի հարկերից` դրա դիմաց պահանջելով լրացուցիչ աշխատանքի վերցնել մարդկանց, ապա մոտ 50.000 մարդու աշխատատեղի խնդիրը կլուծվի, քանի որ ունենք մոտ 50.000 փոքր և միջին ձեռնարկություն»,- մանրամասնում է Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է «անմրցունակ  գործազուրկ» ձևակերպմանը, ապա անմրցունակ գործազուրկների թիվը, ըստ Մակարյանի, բավական մեծ է է: Թեև 2013-ին գործազրկության մակարդակը կազմել է 16,2՝ 2012-ի 17,3 տոկոսի փոխարեն, սակայն գործազուրկների, այդ թվում` նաև անմրցունակ աշխատողների թիվն իրականում ավելի մեծ է:

Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալական և աշխատանքի հարցերի նախարարության տվյալներով` այս տարվա հունվարի մեկի դրությամբ նախորդ տարի աշխատաշուկայում անմրցունակ անձանցից աշխատանքի է տեղավորվել 18,01 %-ը նախատեսված 7,5%-ի փոխարեն:

Անմրցունակ կադրերի առաջացման պատճառներից մեկը առաջին հերթին կրթական ներկայիս մակարդակն է:

«Այսօր ունենք գործազուրկ տնտեսագետների, մենեջմենթների, միջազգայնագետների բազմություն, որը, բացի տեսական անգիր արած գիտելիքներից, չի ստանում պրակտիկ գիտելիքներ, հետևաբար լցնում է գործազուրկների բանակը:

Գործազուրկների բանակը լրացնում են նաև այն մասնագետները, որոնք լավ գիտեն իրենց մասնագիտությունը, բայց պահանջարկված չեն, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկում ապրեցին տնտեսության շատ ճյուղեր: Պատահական չէ, որ կառավարությունը մոտ 11 ճյուղ համարում է առաջնահերթություն: Եվ եթե այդ ոլորտները զարգանան, ապա զբաղվածների խնդիրը կլուծվի»,- եզրափակեց Մակարյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 66269 անձ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 55605-ը: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 15543 անձ` աշխատանք փնտրողների 23,5%-ը: Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվել են 2233 աշխատանք փնտրող անձ (աշխատանք փնտրողների 3.4%) նախատեսված 2207-ի փոխարեն` աճը կազմել է 1,2%: Աշխատանքի է տեղավորվել 12650 անձ կամ աշխատանք փնտրողների 19,1%-ը: Աշխատանքի տեղավորվածների շուրջ 28,3%-ը երիտասարդներ են, որը կազմում է տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների 21,8%-ը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս