Սուրիկ Խաչատրյանի «ստվերը»` Նելսոն Ոսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրությունները:

Բնականաբար, այս ընտրություններն առաջին հերթին հետաքրքրություն ներկայացրին այն հանգամանքով, որ 2000-ից քաղաքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը չներկայացրեց իր թեկնածությունն ընտրություններում:

14 տարի Գորիսը ղեկավարողին հաճախ էին ասում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ստվերն» է, ով առանց Լիսկայի ոչ մի քայլ չի անում: Շատերն այդ ժամանակ ասում էին, թե  քաղաքապետը հենց Սուրիկ Խաչատրյանն է, իսկ Ոսկանյանը պարզապես զբաղեցնում է քաղաքապետի աշխատասենյակը:

Եվ դա իրավամբ կարելի է իրողություն համարել, քանի որ մի քանի ընտրություն անընդմեջ նախկին մարզպետն  ամեն ինչ արեց, որպեսզի ընտրվեր հենց իր թեկնածուն` Նելսոն Ոսկանյանը: Նույնը նաև սպասվում է այս ընտրություններին, երբ կընտրվի հենց Լիսկայի հովանավորյալը:

Գորիսում Ստեփանյանը մի քանի սեփականություն ունի և նույնիսկ պետական մեքենաները սեփականի տեղ էր օգտագործում: Հայտնի է մի դեպք, երբ  քաղաքապետի որդին վրաերթի էր ենթարկվել` վարելով հենց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան:  Այստեղ հետաքրքիրն  այն է, որ հենց Ոսկանյանն է արդարացրել կատարվածը` ասելով, թե ինքն էր որդուն հանձնարարել վարել համայնքային սեփականություն համարվող մեքենան:

Նրա կենսագրական տվյալներն այնքան էլ առատ չեն, կարծես թե, այդքան բարձր պաշտոններ չի զբաղեցրել, եթե չհաշվենք, որ 14 տարի քաղաքապետ է եղել:

1977թ. ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրոմելորացիա» ֆակուլտետը և ստացել հիդրոտեխնիկ-ճարտարագետի որակավորում: 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977-1979թթ. Որոտանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչությունում` որպես ավագ ճարտարագետ,
1994-2000թթ. եղել է  Գորիսի ճանապարհների շինարարության և շահագործման պետական բաժնետիրական ընկերության տնօրեն: 

1996-ին և 1999-ին ընտրվել է Գորիսի համայնքի ավագանու անդամ: 

2000-ին ընտրվել էր համայնքի ղեկավար: Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը:  Այս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և մրցանակների, մասնավորապես, 2006-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից պարգևատրվել է ոսկի մեդալով` որպես  քաղաքային համայնքի լավագույն ղեկավար: 2000-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Նելսոն Ոսկանյանն ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է, ով փոխարինել է Սուրիկ Խաչատրյանին և դարձել նրա «մարդը» Գորիսում: Գորիսն իսկապես այժմ համարվում է հենց Խաչատրյանի սեփականությունը, որտեղ մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, իսկ քաղաքն էլ իրավամբ կրիմինալ քաղաք է դարձել:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս