«Առևանգված» դատապարտյալի վիճակն օրհասական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, քիչ առաջ ահազանգեց Armlur.am-ին` հայտնելով, որ ամուսնու առողջական վիճակը գնալով վատանում է:

Տեղեկացնենք, որ դատապարտյալը մայիսի 20-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ` «խրոնիկ պանկրեատիտ» ախտորոշմամբ հիվանդության բուժման համար:

Սակայն դատապարտյալի կնոջ փոխանցմամբ` այն բանից հետո, երբ ինքը բաց նամակ-խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, որպեսզի վերջինիս օժանդակությամբ հնարավոր լինի փրկել ամուսնու կյանքը, ՔԿ վարչության հատուկ նշանակության բաժնի պետ ներկայացած ոմն Զորիկ Արզումանյան և, ինչպես բնութագրեց Կ.Հակոբյանը, լկտի պահվածքով մի քանի երիտասարդներ՝ բոլորը քաղաքացիական հագուստով և զինված ատրճանակներով այցելել են ԲԿ և հարձակվել իր ամուսնու վրա՝ սպառնալով վնասել: Նրանք պահանջել են, որ Արտակ Հակոբյանը դիմում գրի և հրաժարվի բուժում ստանալուց, որպեսզի տեղափոխեն կալանավայր:

«Տեսնելով, որ ամուսինս ուշագնաց եղավ և միջամտեց բուժանձնակազմը, հեռացան հիվանդանոցից: Զորիկ Արզումանյանը մեզ սպառնալով հայտարարություն արեց. «Դուք մեզ պատասխան եք տալու՝ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին օգնություն-խնդրանք բաց նամակ ուղարկեու համար. մեզ վրա մինուս ա եղել:

Հաջորդ օրը՝ մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 23:00-ի սահմաններում, նորից ՔԿ վարչության աշխատակիցները՝ մոտ 15-20 հոգի, եկան հիվանդանոց՝ հարձակվեցին ինձ վրա, խփելով ու հրելով դուրս հանեցին հիվանդանոցից: Բոլորը զինված էին ատրճանակներով, բղավելով հարձակվեցին ամուսնուս վրա: Ես միայն լսում էի, որ ամուսնուս ասում էին՝ քո կյանքով ես պատասխան տալու նախագահին և գլխավոր դատախազին դիմում-խնդրանք ուղարկելու համար»,- շարունակելով խոսքը` ասաց դատապարտյալի կինը:

Վերջինս հայտնեց նաև, որ այդ ամենից հետո դատապարտյալ ամուսնուն ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ամուսինը երկար պայքարելուց հետո կարողացել է դիմում գրելու հնարավորություն ստանալ` «Արթիկ« ՔԿՀ տեղափոխվելու համար:

Դատապարտյալի կինը ցավով նշեց, որ այլևս պայքարելու ուժ չունեն, ամեն անգամ ահազանգում են, սակայն այդպես էլ հարցին լուծում չի տրվում: Սրա հետևանքով էլ ամուսնու առողջական վիճակն օրհասական է դարձել:

Տաթև Հարությունյան




Լրահոս