
Երեկ Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի:
Այսօր խորհրդարանում ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այդ հայտարարությունն աբսուրդ որակեց:
«Ես դժվարությամբ եմ պատկերացնում հայաստանյան ինչ-որ կուսակցության ներկայացուցչի, ով նման աբսուրդային գաղափարը կարող է լուրջ ընդունել: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միասնական տնտեսական տարածք են, միասնական կրթական տարածք»,- ասաց նա:
Այն դիտարկմանը, թե ինչու Սերժ Սարգսյանն Աստանայում չբարձրացրեց այն հարցը, որ Հայաստանն իրավունք ուներ Նազարբաևի նամակի մասին նախապես տեղեկանալ և քննարկել այն, Աշոտյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ մենք նման հարցադրման իրավունք ունեինք, որովհետև նամակներն անձնական կատեգորիա են:
Քանի որ ես, այնուհանդերձ, համաձայն եմ, որ Հայաստանը դառնա Եվասիական տնտեսական միության մաս, զերծ կմնամ կտրուկ մեկնաբանություններից»: