Այսօր խորհրդարանում 2013 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Զեկույցի շրջանակներում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նախապես նշեց, որ լեզուն մեր դպրոցի հիմքն է, սակայն նրա խոսքով՝ խուսափում են խոսել թիվ մեկ խնդրից՝ աշակերտների քանակից, ինչը գնալով նվազում է: Մանուկյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 1998-1999թթ. Հայաստանում աշակերտների թիվը կազմել է 602 000, իսկ այժմ աշակերտների թիվը կազմում է 370 000, շուրջ 230 000-ով քիչ, ապա հարցրեց. «Ինչպե՞ս եք վերահսկում ֆինանսավորման խնդիրը դպրոցներում, և այս մարտահրավերներն դեմ առնելու ծրագիր ունե՞ք»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ դա լուրջ խնդիր է ողջ պետության համար, որովհետև դեմոկրատական առաջին հարվածն իր վրա է վերցնում կրթական համակարգը, հետո գալիս է բանակը, հետո՝ տնտեսությունը, հասարակությունը և այլն.
«Ես չեմ ուզում արտագաղթի, ծնելիության թեման քննարկել, որովհետև քաղաքական գնահատականներ կարող եմ տալ բոլոր ժամանակներին: Ակնհայտ է, որ սա լրջագույն քաղաքական հարցադրում է մեր երկրի համար ոչ միայն կրթության ոլորտում»:
Արամ Մանուկյանն էլ Արմեն Աշոտյանի պատասխանից հետո ասաց, որ, բնականաբար, արտագաղթը Կրթության և գիտության նախարարության լուծելիք խնդիրը չէ, ինքն այդ ամենը մատնանշում էր՝ կրթության համակարգի վրա դրա ազդեցության համար: