ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով երեկ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշեց, թե գտնում է, որ Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջև է հայտնվել:
«Ես կարծում եմ՝ Հայաստանն իսկապես լուրջ իրավիճակում է հայտնվել, ու պիտի կարողանա ճիշտ քայլեր ձեռնարկել` ընդհուպ մինչև իր պայմանները թելադրել, բայց թե ինչի կհանգենք, սա ժամանակի հարց է»,- նշեց նա:
Հակոբյանի խոսքով` Ղազախստանը ցանկանում է հավաստիանալ, որ Ղարաբաղը մաս չի կազմելու որևէ կառույցի, որտեղ լինելու է Հայաստանը: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումը արտահայտի. եթե Արցախն անտեսվում է այս կառույցում, Հայաստանն էլ պետք է իմանա իր անելիքները:
Միևնույն ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հավելեց, որ պետք չէ հայհոյել որևէ երկրի, որ մեր շահերը առաջ չի տանում, քանի որ յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահով, եթե Հայաստանի շահերը չեն բավարարում, ապա նա պետք է վերանայի իր մոտեցումները:
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, ըստ որոնց՝ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, լսելով Ադրբեջանի նախագահի ուղերձը, պետք է հենց այնտեղ խոսեր, ապա Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ այդ պահին ինչ տրամադրությունն է ունեցել, ինչպես է եղել արձագանքը, ինչ-որ արձագանք եղած պիտի լինի, դա չէր կարող անակնկալ լինել: Ղազախստանը չի թաքցնում, որ ներկայացնելու է Ադրբեջանի պետական շահը», – ընդգծեց նա: