Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը համոզված պնդում է`փողոցային առևտուրն անթույլատրելի է, քանի որ ապրում ենք քաղաքակիրթ 21-րդ դարում:
Արմեն Պողոսյանը կարծում է`փողոցային առևտուրը պետք է արգելել, քանի որ եթե մայթերի, գետնուղիների մեծ մասը փակ է, ապա, աստված մի արասցե, մի վտանգ լինի, կունենանք մեծ մարդկային կորուստներ:
«Բացի այդ` փողոցային առևտուրը համաճարակի բուն է, հատկապես եթե վաճառվում է սնունդ, իսկ հետիոտներին խոչընդոտելու մասին խոսելն ավելորդ է»,- վստահեցնում է Սպառողների միության նախագահը:
Հիշեցնենք`փողոցային առևտուրն արգելվեց նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք:
Armlur.am-ի հարցին` արդյոք փողոցային առևտուրն արգելելուն զուգահեռ ստեղծվեցին առևտրի այն կետերը, որտեղ առևտրականները մատչելի գներով կարող են շարունակել իրենց գործունեությունը, Պողոսյանը բացասական պատասխանեց. «Գործընթացն իրականացավ կիսատ ձևով: Չստեղծվեցին առևտրի այն կենտրոնները, որտեղ կարելի էր իրականացնել քաղաքակիրթ առևտուր»:
Մեր մյուս հարցին` արդյոք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր նախորդի՝ Կարեն Կարապետյանի նման պայքարում է փողոցային առևտորի դեմ, բանախոսը դարձյալ բացասական պատասխանեց. «Ո՛չ, չի պայքարում: Հարց է առաջանում` ինչպես է ստացվում, որ նախորդ քաղաքապետը կարողացավ պայքարել փողոցային առևտրի դեմ, իսկ Տարոն Մարգարյանը` ոչ»: