
Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:
Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել առեւտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:
Վարչապետներ Աբրահամյանը եւ Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման եւ առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ եւ գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: