Հիմնականում պայմանավորված անպտղությամբ` շատ ընտանիքներ ստիպված են լինում մանկատներից երեխա որդեգրել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ որդեգրման գործընթացի ակտիվացում վերջին տարիներին չի նկատվում:
Եթե տարիներ առաջ շատ ընտանիքներ էին հրաժարվում իրենց երեխաներից, այսօր նախարարության աշխատակցի խոսքով քչերն են նման քայլի դիմում, բայց նկատելի է մեկ այլ տենդենց` ավելի շատ մանկատներ են հանձնվում առողջական խնդիրներ ունեցող, մասնավորապես, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ:
Հայաստանից երեխաներ որդեգրում են թե´ հայաստանաբնակ ընտանիքները, թե´ արտասահմանում բնակվող սփյուռքահայերը կամ հայկական արմատներ ունեցող մեր հայրենակիցները: Վարչության պետի խոսքով` որդեգրող ընտանիքները հիմնականում վերցնում են մեկ երեխա, հազվադեպ երկու երեխա: Որպես կանոն ձգտում են առողջ երեխա որդեգրել: Սակայն, եթե արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները կարող են որդեգրել առողջական խնդիրներ ունեցող երեխայի, ապա հայաստանաբնակ ընտանիքները ձգտում են միայն առողջ երեխա որդեգրել: Վարչության պետի խոսքով` որդեգրող ընտանիքները հիմնականում ցանկանում են որդեգրել փոքր տարիքի երեխա, բայց քանի որ փոքր տարիքի երեխաներ քիչ են լինում, պատահում է` որդեգրում են 10 տարեկանից բարձր երեխաներ: Եթե երեխան 10-ը տարեկանից բարձր է լինում, որդեգրողները հարցնում են նաև երեխայի կարծիքը:
«2000-ից սկսած կատարվում է որդեգրվող երեխաների կենտրոնացված հաշվառվում: Համաձայն տվյալների` արտասահմանում բնակվող որդեգրող ընտանիքները հիմնականում ցանկանում են իգական սեռի երեխա որդեգրել, իսկ հայաստանաբնակ ընտանիքները` տղա երեխա»,- մանրամասնեց նախարարության աշխատակիցը:
Ինչպես անել, որ հիվանդ երեխաներին ծնողները չհանձնեն մանկատուն, քանզի առաջին հերթին հիվանդ երեխան կարիք ունի ընտանեկան ջերմության ու հոգատարության: Խնդիրը, թեև սոցապ նախարարության իրավասության ներքո չէ, բայց Լենա Հայրապետյանի կարծիքով առաջին հերթին պետք է սոցիալ-տնտեսական վիճակի կայունացում, տվյալ բնակավայրում բժշկի առկայություն. «Սպիտակից մի կին իր երեխային հանձնեց մանկատուն: Մինչ այդ կնոջը հարցրինք` այն գումարը, որը տրվում է մանկատանը ձեր երեխային պահելու համար, եթե տրվի ձեր ընտանիքին, դուք կխնամեք ձեր երեխային: Ասաց` ոչ, քանի որ երեխան նոպաներ է ունենում, տանը մասնագետ չկա, ապրում ենք գյուղում: Մոտիկ բժիշկ չկա, այսինքն` համապատասխան ծառայություններ են անհրաժեշտ»:
Լենա Հայրապետյանի խոսքով` իրենք աշխատում են ընտանիքների հետ, փորձում այնպես անել, որ երեխան ընտանիքում մնա, բայց դա քիչ է:
Լենա Հայրապետյանը հավաստիացնում է` հիմնականում որդեգրված երեխաները հարմարվում են նոր ծնողների ու ընտանիքի հետ: «Հետ վերադարձած երեխաների մեկ-երկու դեպք եք ունեցել»,- տեղեկացնում է տիկին Հայրապետյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տվյալներով` 2013-ին 31 երեխա որդեգրվել է ՀՀ քաղաքացիների կողմից: Այս 31ից 3-ն է միայն որդեգրվել մանկատներից, մնացածները` ընտանիքներից: Իսկ օտարերկրացիների կողմից մանկատներից որդեգրվել է 44 երեխա, որոնք ունեցել են առողջական խնդիրներ:
Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Անտոնյան Միրան armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ որդեգրման գործընթացի ժամանակ ի հայտ են գալիս օբյկետիվ ու սուբյեկտիվ խնդիրներ: Օբյեկտիվ խնդիրն այն է, որ երեխան գտնվում է մանկատանը, բայց երեխաների ծնողների իրավունքները չեն դադարեցվում: «Այսինքն` ստացվում է, որ որդեգրման ենթակա են շատ փոքր թվով երեխաներ: Ծնողներն էլ իրենց պարտականությունները հանձնում են պետությանը` պահելով իրենց իրավունքները: Կարծում եմ` եթե երեխան մանկատանն է, պետք է միանշանակ ենթակա լինի որդեգրության, քանի որ որդեգրողները շատ են»,- ասաց ՀՕՖ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է որդեգրման գործընթացի կոռուպցիոն ռիսկերին, ՀՕՖ-ի տնօրենն ասաց, որ ինքը միայն լսել է նման խոսակցություններ, բայց անձնապես նման խնդրի չի բախվել:
Որդեգրման գործընթացին առնչվող մյուս խնդիրը որդեգրված երեխաների հետագա ճակատագիրն է` ոչ ոք չի վերահսկում գործընթացը:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ որդեգրման ցանկություն ունեցողների նյութական հնարավորությունններն են հաշվի առնվում (բնակարան, եկամուտներ ունի, թե չունի), բայց հաշվի չի առնվում որդեգրող ծնողի երեխա մեծացնելու ունակությունը: Պատահական չէ, որ ՀՕՖ-ը վերջին 3 տարիներին 26 որդեգրման ձախողված փորձ է արձանագրել:
Միրա Անտոնյանը կարծում է` և´ որդեգրման, և´ խնամատար ընտանիքների կազմակերպման գործընթացի գնահատումն պիտի արվի մասնագիտական, ոչ թե վարչարարական տեսանկյունից:
Հիշեցնենք, որ որդեգրում թույլատրվում է միայն մինչև 18 տարեկան անձանց նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից և դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում:
Սոնա Դավթյան