Հայաստանը չի անդամակցում ՄՄ-ին Ղարաբաղի հարցը լուծելու համար. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ՝ ավելորդ է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին մշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Աստանայում կատարված իրադարձություններին:

«Թե՛ Մաքսային միությունը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում, և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն: Բոլորիս պարզ է, որ ՀՀ-նու ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են, և այդպես էլ կլինեն, սա անհերքելի է»,- ընդգծեց նա:

Շարմազանովը նշեց, թե մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել է տեխնիկական բնույթի մի քանի  հարց, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն:

«Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև կրկնվեմ՝ ՄՄ-ն և ԵՏՄ-ը այն կազմակերությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը», – հայտարարեց նա:

Շարմազանովն ընդգծեց՝ այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար: «Ինչպես չենք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: ԼՂ հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը միության անդամակցության հետ իրականության հետ որևէ կապ չունի», – եզրափակեց ԱԺ փոխնախագահը:




Լրահոս