ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԽՃՃՎԵԼ Է ՑՈՒՑԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելը, մեղմ ասած, գլխացավանք է դարձել Կոնգրեսի համար: Եթե 18 կուսակցություններով դաշինք կազմելու հարցը Կոնգրեսում հաջողվել է հեշտությամբ ընդունել կոնսենսուսով, ապա ցուցակը կազմելը դժվարացել է. անգամ չի հստակեցվել, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն այդ հարցում:
Իր վերջին ասուլիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը զգուշացրեց, որ 18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է, ուստի եւ բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը: Նախատեսված է, որ այսօրվա քաղխորհրդի նիստում եւս կշարունակվեն քննարկումները, բայց հասկանալի է, որ հազիվ թե այսօր Կոնգրեսում հաջողվի կոնսենսուսի գալ: Կոնգրեսում որեւէ մեկը չի վիճարկում, որ համամասնական ցուցակը պետք է գլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց թե ովքեր են հաջորդելու նրան, ու ամենակարեւորը, ինչ հաջորդականությամբ, դժվար է որոշելը: Հիմնական տեսակետն այն է, որ Տեր-Պետրոսյանին պետք է հաջորդի 2003թ. նախագահական ընտրություններում դե ֆակտո հաղթած թեկնածուն՝ Ստեփան Դեմիրճյանը: Վերջնականապես հայտնի չէ, թե ով պետք է զբաղեցնի ցուցակի երրորդ համարը: Տեսակետներից մեկի համաձայն՝ կա՛մ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կա՛մ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կա՛մ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Ես ինքս ուզում եմ լինել ամենավերջին համարը, բայց պատրաստ եմ լինել ցանկացած համար: Նշեմ, սակայն, որ ո՛չ Կոնգրեսի շտաբում, ո՛չ քաղխորհրդում դեռ նման հարց չի քննարկվել»,-«Ժողովուրդ»-ին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Մինչդեռ, ՀԺԿ վարչության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը նշեց, որ Լեւոն Զուրաբյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ ընտրության դեպքում Կոնգրեսի ցուցակի երրորդ տեղում կցանկանար տեսնել Արամ Սարգսյանին: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե այս պահին Կոնգրեսում նոր են սկսել ցուցակը կազմելու տարբերակները քննարկել, ու քանի դեռ որոշակի բան չկա, նա գերադասեց չխոսել: «Կարող եմ փաստել մեկ բան. ցուցակի առաջին տեղի մասով որեւէ կասկած չկա: Կոնգրեսի համամասնական ցուցակը պետք է գլխավորի Լ.Տեր-Պետրոսյանը, իսկ մնացածը քննարկման թեմա է, եւ ես կարծում եմ՝ կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի»,-ասաց Լ.Սարգսյանը:
Դժվար չէ ենթադրելը, որ Կոնգրեսի ցուցակի կազմելը դժվարացրել է նաեւ այն հանգամանքը, որ բացի 18 կուսակցություններից, Կոնգրեսում կան նաեւ անկուսակցական առաջնորդներ: Ու եթե Կոնգրեսի ցուցակի առաջին համարներում կուսակցությունների նախագահները լինեն, ապա դա անարդար կլինի անկուսակցական լիդերների՝ Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Վահագն Խաչատրյանի եւ այլոց հանդեպ: Եթե անկեղծ, ապա Կոնգրեսի կազմում կան նաեւ «մարդ-կուսակցություններ», որոնց երկրորդ կամ երրորդ անդամին, ըստ էության, դժվար է անգամ մտաբերելը: Ու տվյալ սկզբունքի դեպքում, մեղմ ասած, անարդարություն կլինի նույն Գագիկ Ջհանգիրյանի, Սասուն Միքայելյանի կամ մյուսների հանդեպ, որոնք եղել են նաեւ քաղբանտարկյալ, եւ դեռ ավելին, հաճախ ավելի շատ աշխատանք են կատարել ու ավելի զրկանքներ կրել, քան տարբեր կուսակցապետեր: Մնում է՝ Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմվի արդեն ըստ թեկնածուների՝ համաժողովրդական շարժման ընթացքում դրսեւորած աշխատանքի ու դիրքի: Սակայն այս տարբերակին էլ կլինեն ընդդիմացողներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս