Դեռ չէինք հասցրել ազգովի ուրախանալ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ, երբ երեկ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի սենատորները դիմել են Սահմանադրական խորհուրդ` պահանջելով արգելափակել օրինագիծը:
Հիշեցնենք, որ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվել էր հունվարի 23-ին` ձայների 127 կողմ եւ 86 դեմ հարաբերակցությամբ: Վերջնականապես կյանքի կոչվելու համար օրինագիծը երկշաբաթյա ժամկետում պետք է վավերացվեր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից, ինչը փորձագետների եւ քաղաքական ուժերի մեծ մասի մոտ որեւէ կասկած չէր հարուցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարկոզին բազմիցս հրապարակայնորեն հավաստել էր, որ ինքն անձնապես հետամուտ է լինելու օրինագծի հաստատմանը: Նույնիսկ Հայաստանի իշխանությունները սկսեցին հերթով շնորհակալական նամակներ ուղարկել Սարկոզիին: Սակայն օրինագծի ընդունումից ութ օր անց նա չշտապեց վավերացնել այն՝ այդպիսով օրինագծի ընդդիմախոսներին հնարավորություն տալով հարցը վիճարկել Սահմանադրական խորհուրդում: Ընդ որում, արժե նշել, որ Սահմանադրական խորհուրդ դիմած սենատորների թվում կան նաեւ Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամներ:
Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝ Սահմանադրական խորհուրդը կարող է գրաքննության ենթարկել օրենքը, որը համարում է հակասահմանադրական, եթե նրան դիմել են 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային Ժողովի կամ Սենատի նախագահը: Այս դեպքում օրինագծի արգելափակման պահանջով դիմել են անհրաժեշտ նվազագույնից ավել` թվով 77 սենատորներ: Ընդ որում, խորհուրդը երկու հայց է ընդունել վարույթ, սենատորներից բացի, ընդունվել է նաեւ պատգամավորների նախաձեռնությունը, որը ստորագրել են 65 պատգամավորներ:
Այդ կապակցությամբ երեկ արդեն ֆրանսիական եւ թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խորհրդարանական մեծամասնության առջեւ բարձրաձայնել է իր դժգոհության մասին` նախաձեռնությունը որակելով իբրեւ «իրեն մատուցված արջի ծառայություն»: Բանն այն է, որ հիմա արդեն Ֆրանսիայի նախագահը չի կարող իր ստորագրությունը դնել մի օրենքի տակ, որի դեմ Սահմանադրական խորհուրդին ուղղված դիմումներ կան: Ասել է թե` Սարկոզին պետք է մեկ ամիս սպասի, մինչեւ խորհուրդը դա իր եզրակացությունը, որը վերջնական է ու փոփոխության ոչ ենթակա:
Այսպիսով՝ ինչ է ստացվում. Սարկոզին մի կողմից չշտապեց վավերացնել օրինագիծը, մյուս կողմից դրանում մեղադրում է ՍԽ դիմած սենատորներին: Ակնհայտ է, որ այստեղ «արջի ծառայություն» մատուցողին պետք է փնտրել այլ տեղում: Ի վերջո, դժվար է հավատալ, որ Սարկոզին նախապես տեղյակ չէր իր իսկ կուսակցության անդամների, մասնավորապես ՍԽ դիմած սենատորներից Սենատի նախկին նախագահ Քրիստիան Պոնսելեի եւ Սահմանադրական օրենքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ժան Ժակ Իեստի որոշման մասին: Հետեւաբար, կատարվածն ընդամենը քաղաքական ծրագրված խաղ է` ժամանակ ձգելու մինչեւ ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները: Նա այսպիսով կարող է Ֆրանսիայում ապրող ե՛ւ թուրքերի, ե՛ւ հայերի ձայները ակնկալել:
Նկատենք, որ երեկ Ելիսեյան պալատից արտահոսք եղավ, թե իբր այս օրինագծի արգելափակումից հետո հաջորդը լինելու է Հոլոքոսթի ժխտման մասին օրինագծի չեղյալ հայտարարումը: Դժվար չէ կռահել, որ սրանով փորձ է արվում այս ողջ գործընթացի իրական շարժիչ ուժը` ի դեմս թուրքական պետության, քողարկել` ընդլայնելով խնդիրը:
Ի վերջո, Ֆրանսիայի նախագահը կարող էր չսպասել օրենքով սահմանված ժամկետի ավարտին եւ օրինագիծը ստորագրեր ոչ թե 15-րդ, այլ, ասենք, 7-րդ օրը: Ըստ ֆրանսիական օրենսդրության՝ Սահմանադրական խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել:
Ամեն դեպքում, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհրդի հետ համագործակցող իրավաբան Րաֆֆի Ֆիլիպ Գալֆայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ կանխատեսելով նման զարգացումը՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհուրդը փոփոխության է ենթարկել օրինագիծը` այն համապատասխանեցնելով Ֆրանսիայի սահմանադրությանը, որպեսզի այն չառարկվի Սահմանադրական խորհրդի կողմից:
Ի դեպ, Սենատի կողմից օրինագծի հաստատման օրը ցնծացող ու հայ-ֆրանսիական բարեկամության, հայոց դիվանագիտության ու անձամբ երկրի նախագահի վարած փայլուն արտաքին քաղաքականության մասին ճառող հեռուստամեկնաբաններն ու վերլուծաբանները երեկ բերանները ջուր էին առել. ոչ ոք այդպես էլ ըստ էության չանդրադարձավ այս գործընթացին եւ սպասվելիք զարգացումներին: Հավանաբար «ավելի կարեւոր թեմաներ» կային:
Հ.Գ. Եթե Սահմանադրական խորհուրդն արգելափակի օրինագիծը, արանքում գյումրեցի խեղճ փոքրիկ Սարկոզին «կքաշվի»:
ՋՈՒՐԸ ՉԹՌԱԾ` «ՀՈՊ» ԱՍՈՂՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ