ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն եւ կարեւորել նման ձեւաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի եւ Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, եւ ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլեւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, եւ որեւէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաեւ սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդեւի հետ քննարկել են նաեւ առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը: «Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ եւ պարոն Մեդվեդեւի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», – եզրափակել է Հայաստանի վարչապետը:
Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: