Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ստվերը մոտավորապես 20-30 տոկոս է, և կա ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն: Վարչապետի դիտարկումների մասին armlur.am-ը զրուցեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:
– Պարո՛ն Բադեյան, ըստ Ձեզ Հայաստանում իսկապե՞ս ստվերն այդքան մեծ տոկոս է կազմում:
– Դրա հաշվարկման մեթոդաբանություն կա: Գիտություն կա այդպիսին, որ զբաղվում է ստվերը բացահայտելով: Կասկածի տակ չեմ դնում այդ թիվը: Խնդիրն իհարկե տեղաբաշխման մեջ է. տարբեր ոլորտներում տարբեր է: Ոլորտներ կան, որտեղ ստվերն ասենք թե հինգ տոկոս է, ոլորտներ էլ կան, որտեղ միգուցե 50 տոկոս է: Իսկ ընդհանուր առմամբ համաձայն եմ:
– Ձեր կարծիքով` կա՞ ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն:
– Տնտեսության մեջ ստվերն անխուսափելի է ցանկացած տնտեսության մեջ: Ամենազարգացած երկրներում ստվերային տնտեսություն գոյություն ունի: Դա ոչ միայն չարիք է, երբեմն ստվերը խրախուսվում է նույնիսկ պետական մակարդակով: Օրինակ, ստվեր է, երբ մանր ու միջին ձեռնարկությունները չեն մուծում հարկեր: Դա էլ է ստվեր` օրինական, բայց ստվեր է: Սկզբունքորեն բոլոր սուբյեկտները պետք է լինեն հավասար տնտեսական դաշտում:
– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ ստվերի վերացման համար:
– Ստվերը վերացնելու համար երկու բաղկացուցիչ է պետք: Առաջինը` սոցիալական պայմաններ, որպեսզի Կառավարությունը լայնաթափ ձեռնամուխ լինի այդ խնդրին և քաղաքական կամք: Այս երկուսի համադրությամբ կարելի է որոշ չափով կրճատել ստվերը, բայց չկա աշխարհում մի երկիր և մի ժամանակաշրջան, որտեղ ստվեր չի եղել:
–Եթե գործարարը երկար ժամանակ աշխատել է ոչ թափանցիկ և գործել է ստվերային դաշտում ինչպե՞ս կարող է կարճ ժամանակում դուրս գալ ստվերային գոտուց:
– Ովա՞ ուզում ստվերից դուրս գա, զոռով են ստվերից հանում: Ստվերից ոչ մեկ չի ուզում դուրս գալ: Դրա համար էլ գոյություն ունի պետություն ունի, գոյություն ունի կանոնակարգեր, որն էլ վերահսկողությունա անում:
Նաիրա Հովհաննիսյան