
Բելառուսը ԱՊՀ-ն դիտարկում է որպես նշանակալի, պահանջված եւ արդիական միջպետական միավորում, որը թույլ է տալիս իր մասնակիցներին արդյունավետորեն լուծել հանապազօրյա հարցերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Մինսկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների վարչապետների նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն խոստովանել է, որ ԱՊՀ-ն այս փուլում բարդ շրջան է ապրում: «Առավել հաճախ ենք մենք նորություններում լսում հետխորհրդային տարածքում լարվածության նոր օջախների ու բռնության մասին: Առավել հաճախ ենք բախվում «բարի կամեցողների» ԱՊՀ-ի անօգուտ լինելու մասին ցինիկ մեկնաբանություններին»,-նշել է Բելառուսի նախագահն ու հավելել. «Հավանական է, կարեւոր որոշումներ կայացնելիս մեզ երբեմն չի բավականացնում օպերատիվությունն ու համակարգվածությունը: Եթե դա այդպես է, ապա անհրաժեշտ է հենց այդ ուղղությամբ աշխատել, բայց բոլոր ձեռքբերումները սեւացնելը ճիշտ չէ»: