Երեկ` ժամը 11:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատական նիստի ժամանակ Հարությունյանի փաստաբանը կարդում էր այն տողերը, որոնցից վիրավորվել է իր պաշտպանյալը, սակայն երկար ժամանակ չէր կարողանում գտնել, թե հատկապես որ բառերից է վիրավորվել:
Նախորդ դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ «Ժողովուրդ»-ը սպասում էր Բենիկ Հարությունյանի դեմ ԱՄՆ-ում կայացված դատական վճռի պատճենին: Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս հարցով իրենց ուղարկված նամակին այդպես էլ չպատասխանեց: Սակայն Հարությունյանի պարտքերի մասին ԱՄՆ-ում կայացված դատավճիռը խմբագրությունն արդեն ստացել է եւ պատրաստվում է փաստաթուղթը ներկայացնել դատարան: Հիշեցնենք, որ Բ.Հարությունյանն օրաթերթից պահանջում է 2,5 մլն դրամ:
Երեկվա նիստի ժամանակ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը դատարանին ներկայացրեց «Fertex»-ի միջոցով ԱՄՆ-ից ուղարկված փաստաթուղթը, որն անգլերեն տարբերակով էր, հավելելով, որ այդ փաստաթղթի հայերեն տարբերակն արդեն նախորդ նիստին ներկայացրել է դատարանին: Նշենք, որ դա դատարանի այն վճռի օրինակն էր, որի հիման վրա պատրաստվել էր հոդվածը: Սակայն հայցվոր կողմն առարկեց, որպեսզի դատարանն այն որպես ապացույց ընդունի, քանի որ, ըստ նրանց, հայերեն տարբերակն արդեն առկա է դատարանում:
Այնուհետեւ դատավոր Ռուբեն Ափինյանն առաջարկեց հաշտության գալ: Հայցվորի ներկայացուցիչը նախ համաձայնեց, բայց երբ Ճարոյանը պահանջեց, որ հայցվորը սկզբում ներկայացնի հաշտության տեքստը, որից հետո նոր կորոշեն, Հարությունյանի ներկայացուցիչն ասաց, որ չեն ցանկանում հաշտվել:
«Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը նշեց, որ Նունե Սերոբյանի հոդվածում արված պնդումների, հարցազրույցի եւ ներկայացված տվյալների հիման վրա միջնորդում է, որպեսզի Սերոբյանը` որպես պատասխանող, ներկայանա դատարան, քանի որ այս դեպքում օրաթերթը որպես ամբիոն է հանդես եկել: Հայցվորն առարկեց միջնորդությանը, իսկ դատարանը որոշեց մերժել այն: Այնուհետեւ պարոն Ճարոյանը միջնորդեց դատարանին Սերոբյանին դատակոչել որպես վկա: Սակայն Ափինյանը հետաձգեց վկայի դատակոչման միջնորդության քննարկումը, մինչեւ կողմերը կքննարկեն ապացուցման բաշխման ձեւը:
Այսպիսով` հայցվորը սկսեց ներկայացնել, թե հոդվածում առկա որ արտահայտություններն են վիրավորանք, եւ որոնք` զրպարտություն: Հարությունյանի փաստաբանը սկսեց կարդալ 2011 թվականի սեպտեմբերի 9-ի այն հոդվածը, որի հիման վրա իրենք դատի են տվել «Ժողովուրդ»-ին: Ընդ որում, երկար ժամանակ փնտրում էր, թե որ բառերն են իր պաշտպանյալին վիրավորել եւ զրպարտել: Վերջապես Հարությունյանի փաստաբանը կողմնորոշվեց եւ հայտնեց, որ «քցող, խրտնեցնող» բառերն են վիրավորել իր պաշտպանյալին: Մինչդեռ նկատենք, որ հոդվածում Նունեի մասին Հարությունյանի խոսքը եւս կա, սակայն Նունեն չի վիրավորվել:
Բենիկին վիրավորել են նաեւ «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածի հետեւյալ արտահայտությունները. «…Ասում է Բենիկ Հարությունյանի կողմից «քցված» Նունեն…»: Հայցվորի կարծիքով` սրանով հոդվածի հեղինակը նկատի է ունեցել այն, որ հայցվորն իր գործընկերոջը խաբել է եւ գումար շորթել:
Ըստ հայցվորի փաստաբանի` «Ժողովուրդ»-ի 179 համարում հրապարակված «Բենիկից շարունակում են դժգոհել» վերտառությամբ հոդվածում հետեւյալ արտահայտություններն են վիրավորել հայցվորին (չնայած, որ այդ հոդվածից առաջ Բենիկն արդեն վիրավորվել եւ դատի էր տվել «Ժողովուրդ»-ին). «Բոլորը գիտեն, որ Բենիկ Հարությունյանը կաշառելու, մարդկանց վախեցնելու շատ մեծ կարողություն եւ ընդունակություն ունի, ու դա մենակ մեր կարծիքը չէ»: Բենիկ Նիկոլաեւիչը սա եւս որպես վիրավորանք եւ զրպարտություն է դիտում:
Այս ամենը ներկայացնելու ժամանակ դատավորն իր մոտ նշել էր, թե որ բառերն են զրպարտել եւ վիրավորել Հարությունյանին, եւ քմծիծաղով ավելացրեց, որ իսկապես, այդ բառերը «մահացու» զրպարտանք են: Փաստաբանը նշեց, որ Նունեի հետ հարցազրույցից առաջ օրաթերթը պետք է ճշտեր այդ տվյալները, իսկ դատավոր Ափինյանը միջամտեց` նշելով, որ հարցազրույցը չեն ճշտում, այլ լրագրողը հարցը տալիս է, իսկ զրուցակիցը՝ պատասխանում: Դատարանում հայտարարվեց, որ Ն.Սերոբյանը տարիներ առաջ դիմել է դատախազություն` բողոքելով Հարությունյանի դեմ, որ իրեն «քցել է», սակայն այդ դիմումը մերժվել է: Դատավորը Հ. Ճարոյանին խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել այդ քննության նյութերը: Այդ պատճառով դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին` ժամը 11:30-ին:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉԻՑ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ