Մոտ 1,5 տարի առաջ` 2010թ-ի հոկտեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ աճուրդի հանվեց Աբովյան-Իսահակյան խաչմերուկի գետնանցումը` իր առեւտրի կետերով: Այստեղ մարդիկ իրենց բիզնեսն ունեին, եւ մի քանի ընտանիքներ կարողանում էին իրենց սոցիալական խնդիրները լուծել: Բայց տարածքը հանվեց աճուրդի, եւ «Գրեյթ Վիկտորիա» ընկերությունը դարձավ դրա սեփականատերը:
«Մենք չիմացանք` երբ կայացավ աճուրդը, որտեղ, թե չէ մենք էլ կարող էինք մասնակցել աճուրդին եւ գնել մեր կողմից օգտագործվող տարածքը: Մեզ անընդհատ պատասխանատուներն ասում էին, որ գետնանցումը ռազմավարական նշանակություն ունի, եւ ոչ մի թիզ չի սեփականացվելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին խաբված վարձակալները:
Դեռ 1985թ-ից Ռոզա Ավթանդիլյանն այդտեղ սրճարան ուներ, աշխատում էին 8 հոգի, բայց մի օր եկան ԴԱՀԿ աշխատակիցները ու արգելեցին աշխատել: «Մոտ 1 մլն դրամի սնունդ սրճարանում մնաց, սարքավորումներ, գույք, որ մեղքիս համար` այդպես էլ չհասկացա… չթողեցին ոչ մի բան հանենք»,-ասում է տիկին Ռոզան:
1991թ-ից էլ Էդուարդ Ավագյանն է տարածքում գրենական պիտույքների խանութ ունեցել, որտեղ 2 մարդ էր աշխատում: «Գրեյթ Վիկտորիա»-ն վտարման հայց է ներկայացրել դատարան, իսկ նախկին վարձակալներն էլ` հակընդդեմ հայց: Նրանք պահանջում են կա՛մ իրենց փոխհատուցում տալ, կա՛մ էլ թույլատրել նորմալ վարձավճարով աշխատել: «Այնպիսի վարձ են նշանակել, որ ամբողջ աշխատածներս պիտի իրենց տանք»,-ասում է Է.Ավագյանը: Արդեն մեկ տարի է` դատական պրոցեսը շարունակվում է: Նշենք, որ նախկին վարձակալները մինչեւ 2012թ-ը վարձակալության պայմանագիր ունեին:
Խաբված վարձակալների կարծիքով` Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Կարինե Պետրոսյանը չի կարողանում վճիռ կայացնել: «Գուցե չի ուզում մեզ վտարել, գուցե խիղճն է տանջում, դե մարդ է, կարող է իրան էլ են ճնշում»,-ենթադրում են նրանք: Խաբված քաղաքացիների վերջին հույսը լրատվամիջոցներն են: Իրենց խոսքով` աղմուկ-աղաղակի կողմնակից չեն, բայց չեն էլ ուզում, որ լռեն, եւ ով ինչ ուզենա անի: «Արդար ընտրություններից, ժողովրդավար պետությունից են խոսում, իրականում թող դա ապացուցեն: Մենք չենք ուզում ուրիշների նման բռնել արտագաղթի ճամփան, մենք սիրում ենք մեր երկիրը, ուղղակի հնարավորությո՛ւն տվեք աշխատելու»,-պահանջում են խաբված վարձակալները: Գործով դատական հաջորդ նիստը փետրվարի 2-ին է:
ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ