ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի 76-ամյա բնակիչ Վոլոդյա Սարգսյանն իրեն հուզող խնդրով  բազում ատյանների է դիմել, սակայն ապարդյուն: Իջեւանում գտնվող նրա տունը 1988-89 թվականներին քանդել են, տեղում շուկա կառուցել: Նոր տուն կառուցելու համար  հողամաս են տրամադրել: Տան շինարարության համար Վոլոդյան 1991թ. փետրվարի 26-ին Իջեւանի երկաթբետոնե իրերի կոմբինատին պատվիրել է միջհարկային ծածկի 206 քմ երկաթբետոնե հենասալեր, որոնց համար մուծել է 4331 ռուբլի: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզված չէր, ռուբլին էլ դեռ չէր «գահավիժել»: Տարբեր պատճառաբանություններով կոմբինատը ձգձգել է հենասալերի տրամադրումը: 1996թ.  ձեռնարկությունը  լուծարվել է: Վոլոդյան ստիպված դիմել է տարբեր ատյանների: Ի վերջո, Տիգրան Մուկուչյանի խորհրդով 2002թ. օգոստոսին նա դիմել է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Սակայն, չգիտես ինչու, նրա հայցով դատարանի վճիռը կայացել է ամիսներ անց` դեկտեմբերի 17-ին: Դատարանը վճռել է հօգուտ Վ.Սարգսյանի «Իջեւանշին»-ից բռնագանձել 1728 դոլարին համարժեք դրամ: Սակայն դրանից մեկ օր առաջ` դեկտեմբերի 16-ին, տնտեսական դատարանը կոմբինատի իրավահաջորդ «Իջեւանշին» ԲԲԸ-ն ճանաչել է լուծարված: Դա պատահական չի թվում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը  կարճել է Վոլոդյա Սարգսյանին տրամադրվելիք գումարի վճարման մասին որոշումը: Վոլոդյան  տարակուսում է, թե ինչու իր հայցադիմումը ամիսներ շարունակ չի քննվել, իսկ «Իջեւանշին»-ի սնանկության հայցը մի օրում բավարարվել է: Նա դիմել է տարբեր ատյանների, սակայն պատասխանել են, որ «Իջեւանշին»-ը լուծարվել է եւ վերջ: Նա զարմանում է, թե ինչու իր անունն ընկերության պարտապանների ցուցակում չի եղել: «Ինչո՞ւ իմ անունը չեն գրել, ո՞վ է կերել իմ փողը»,-վրդովվում է երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն:
Նա ասում է, որ «Իջեւանշին»-ի» լուծարման գործընթացի ժամանակ կաթվածահար եղած իր կնոջ խնամքով էր զբաղված: Կինը` տիկին Ալլան, ներկայումս առաջին խմբի հաշմանդամ է` գամված անկողնուն: Վոլոդյա Սարգսյանը, ի թիվս այլ պաշոնյաների,  դիմել է  նաեւ Արթուր Բաղդասարյանին եւ օրերս Տավուշի մարզ այցելած ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Սակայն ԱԱԽ աշխատակազմը եւ Կարեն Անդրեասյանը պատասխանել են, որ այդ հարցի լուծումը դուրս է իրենց իրավասության շրջանակներից: 2009թ. Վոլոդյա Սարգսյանը դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն այցելած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս խոստացել է  աջակցել, սակայն… Վ.Սարգսյանն աշխատանքային մեծ վաստակ ունի եւ հասարակ բանվորից հասել է մինչեւ Իջեւանի ճանապարհների շահագործման վարչության պետի պաշտոնին, 12 տարի ղեկավարել այդ վարչությունը, Տավուշի մարզի տարածքում կառուցել կարեւոր ճանապարհներ: Նա դեռ սպասում է արդարության հաղթանակին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս