ՀԱՐՑ. «Երեւան սիթի» սուպերմարկետից գնեցի տուփով թանկարժեք մանկական խաղալիք, տանը հայտնաբերեցի, որ այն անորակ է եւ չի աշխատում: Մի քանի ժամ անց վերադարձրի խաղալիքը` պահանջելով գումարս: Վաճառողները չհամաձայնեցին գումարս հետ տալ, ասացին, որ լավագույն դեպքում կարող են նույն խաղալիքից տալ, իսկ այլ ապրանք կամ գումար չեն տա: Այս դեպքում ո՞վ է ճիշտ` սպառո՞ղը, թե՞ վաճառողը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես սպառողն ունի լայն ընտրության իրավունք: Այս դեպքում տվյալ սուպերմարկետը սխալ է եւ օրենք է խախտել: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն ասում է հետեւյալը`
• փոխանակել որակյալով,
• ըստ սպառողի ցանկության` այլ ապրանք գնել խանութից (եթե տվյալ ապրանքն ավելի թանկ է, սպառողը գումար է ավելացնում, եթե էժան է` սուպերմարկետն է տարբերությունը հետ վերադարձնում),
• վերականգնել թերությունը:
Այս նշված կետերը եթե սպառողին չեն բավարարում, ապա սուպերմարկետը պարտավոր է ապրանքը հետ վերցնել ու գումարը վերադարձնել:
նախագահ Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սպառողն, իհարկե, ընտրության մեծ հնարավորություն ունի, բայց այդ ընտրությունը վատի ու վատթարի միջեւ է: Այսինքն` եթե տվյալ խաղալիքը անորակ է, որեւէ երաշխիք չկա, որ այն փոխարինելու դեպքում նորը համեմատաբար որակյալ կլինի: Այլ հարց է, եթե անորակ խաղալիքը մի քանի անգամ ավելի թանկ արժեցողով փոխարինի: Այս դեպքում էլ, սակայն, եթե սպառողն էլ ավելի թանկ գնելու հնարավորություն ունենար, ապա նախապատվությունը համեմատաբար էժան խաղալիքին հաստատ չէր տա: Իսկ ինչ մնում է գումարը հետ վերադարձնելուն, թեեւ սպառողն օրենքով դա պահանջելու իրավունք ունի, սակայն մեր իրականության մեջ այդ օրենքը, ցավոք, ոչինչ չի նշանակում: