Երեկ լուրեր էին տարածվել, թե բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը նախարարությունում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ իրեն պահել է «լկտի և կոպիտ»: Ինչպես նաև, ըստ լուրերի, նախարարի աշխատասենյակից դուրս եկած աշխատակիցներին միջանցքում «դիմավորել են» Գրիգորյանի թիկնապահները և բռունցքներով հարվածել ու հայհոյել:
Այս տեղեկություններից հետո նախարարի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, պարզաբանում ներկայացրեց, որում հերքված էին նման տեղեկությունները: Նաև նշվում էր, որ Գրիգորյանը երբևէ թիկնապահներ չի ունեցել:
Ըստ պարզաբանման` Բնապահպանության նախարարը վիճաբանել է Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՌԱԿ-ի տնօրենի տեղակալի հետ, քանի որ վերջինս չի կարողացել պատասխանել իր ՊՌԱԿ-ի հետ կապված նախարարի հարցերին:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները Գրիգորյանից փորձեցին ևս մեկ անգամ ճշտել, թե նման դեպք եղել է, թե՝ ոչ: Նախարարը նշեց, որ իր մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի:
«Եվ լրագրողները և ժողովուրդը ճանաչում են ինձ: Ավելացնելու ոչինչ չունեմ», – նշեց նա: