
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարկտահարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տնտեսական աճի առումով:
Նախարարը նկատեց, որ կարկուտը նորություն չի, և հարևան երկրները ևս դրանից տուժում են: Նա հայտնեց, որ այս տարի կարկտահարությունից հիմնականում տուժել է ծիրանի բերքը:
Կարապետյանի խոսքով՝ եթե անցյալ տարի ստանում էինք 80.000 տոննա ծիրան, ապա այս տարի 8-10 հազար տոննա կլինի, գուցե՝ մի քիչ ավել:
«Հիմա ամբողջ շուկան լցված է ցոգոլով, ուրեմն ծիրան կա, չէ՞, այնպես որ բերք կունենանք: Ճիշտ է, քիչ, բայց նաև կարտահանենք ծիրան: Մեր տնտեսական աճը, սակայն, միայն ծիրանով չի որոշվում: Այս տարի նաև լոլիկի, բոստանային կուլտուրաների ծավալներն են ավելանալու»,- ասաց նա: