
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարներն ընդլայնում են բիզնես կապերն ու համագործակցության ոլորտները: Աբու Դաբիի Առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը կկայանա հունիսի 3-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում: Ֆորումի ընթացքում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում և ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն և կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն: Հայաստան են ժամանելու տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։
Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու առաջիկա նոր տնտեսահարաբերությունների և մարտահրավերների պայմաններում առավել ևս կարևորվում է արտաքին գործարար կապերի ծավալումը: Այդ առումով էլ բացառիկ նշանակություն ունի աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկի` Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հետ ակտիվ գործակցությունը: Լինելու են բիզնես-շնորհանդեսներ ու կոնկրետ նախապատրաստված հանդիպումներ։
Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր։