Երեկ Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Հայրապետյան-Սամվել Ալեքսանյան-Լեւոն Սարգսյան եռյակի` ընդդեմ «Հայկական ժամանակի» հայցով դատական նիստը տեւեց երկու-երեք րոպե. դատավոր Կարինե Պետրոսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից` բավարարեց հայցը: Ըստ հրապարակված վճռի` «ՀԺ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն օլիգարխներից յուրաքանչյուրին պետք է վճարի 2 միլիոն 44 հազար դրամ. 2 միլիոնը` որպես բարոյական վնաս, 44 հազարը` որպես պետտուրք: Նշենք, որ դատարանը մի փոքրիկ «տրյուկ» էր արել. նա մինչեւ վերջին կոպեկը չէր բավարարել եռյակի պահանջը: Օլիգարխներից յուրաքանչյուրը պահանջել է 2.5 -ական միլիոն դրամ: Այս դատաքննությունը յուրահատուկ էր նրանով, որ ընդամենը մեկ նիստ կայացավ: Ընդ որում, թե՛ «դատաքննության» եւ թե՛ վճռի հրապարակման ընթացքում ներկա չի եղել պատասխանողի` «ՀԺ»-ի փաստաբան Վահե Գրիգորյանը: Նրան` հունվարի 17-ին որպես փաստաբան ներգրավելուց հետո, նիստը մեկ շաբաթով ընդմիջվել էր, որպեսզի օրաթերթի շահերը պաշտպանող փաստաբանը մինչ այդ ծանոթանա գործի նյութերին, սակայն հունվարի 24-ին վերսկսված դատական նիստին, դատարանն անտեսելով այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը անկողնային հիվանդ է եղել (նրա ձայնը մի քանի օր խզված էր), վերսկսել էր դատաքննությունն` այն ավարտելով մեկ նիստի ընթացքում: Ի դեպ, Վահե Գրիգորյանը, որն ունի համապատասխան բժշկական տեղեկանք, պատրաստվում էր դրանք ներկայացնել հաջորդ դատական նիստին: Բայց շաբաթը ուրբաթից, այսինքն` վճռի օրը ավելի շուտ եկավ: Իսկ երեկ «ՀԺ»-ի փաստաբանը չէր եկել` անիմաստ համարելով որպես «մասովկա» մասնակցել վճռի հրապարակմանը: Թե ինչ է եղել այդ մեկ նիստի ընթացքում, ինչ ապացույցներ են հետազոտվել, ինչպես է դատարանը համոզվել, որ «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հայտարարություններով արատավորվել է եռյակի «բարի համբավը», հայտնի է միայն դատարանին, մեկ էլ, երեւի, հայցվոր կողմին, որը ներկայացնում էր «Ֆեմիդա իրավաբանական գործակալություն» ՍՊԸ-ն:«Հայկական ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հարցին` «թե հիմա օլիգարխներին հարստացնելո՞ւ եք», ասաց. «Բա ինչ պետք է անենք, բա հո սենց սոված չենք թողնի»: Դատավճիռը բնականաբար կբողոքարկվի: Այնուամենայնիվ, ծանոթ լինելով մեր երկրում իրականացվող արդարադատությանը, չե՞ն կարծում, որ Վերաքննիչում էլ կլինի այն, ինչ-որ եղավ: Հայկ Գեւորգյանն ասաց, որ երբ լինի, այն ժամանակ էլ կորոշեն: -Այսպիսի դատավճռի սպասո՞ւմ էիք, որ ընդամենը մեկ նիստ կանեն:-Իհարկե սպասում էինք: Իսկ մնացածը տեխնիկական մանրամասներ են, ինչ տարբերություն` վճիռը կայացվեց 50 նիստո՞վ, թե՞ մեկ: Իրենց սեփական դատարանն է` քանի նիստով ուզենա, այդքանով էլ կանի:_-Եթե չեմ սխալվում, նրանք, կարծեմ` Ռուբեն Հայրապետյանն էր ասել, որ հասցված բարոյական վնասը մեկ միլիարդ է: -Թույլ տվեք կասկածներ հայտնել բարոյականության մասին Ռուբեն Հայրապետյանի ասածների վերաբերյալ:Հ.Գ. Հայկ Գեւորգյանի ասածը տպագրելով` չի բացառվում, որ եռյակը մեզ էլ դատի տա այն տրամաբանությամբ, ինչպես եղավ ՀԺ-ի պարագայում, երբ հրապարակել էր ուրիշի ուղղակի խոսքը: «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեկ մենք դիմեցինք մոսկվայաբնակ Սմբատ Կարախանյանին, որը իր հայտարարություններով փաստացի պատճառ դարձավ, որ ՀԺ-ն տուգանվի` բավականին խոշոր գումարով: Ինչպե՞ս եք մեկնաբանում դատարանի վճիռը, հետաքրքրվեցինք: «Ասեմ, որ ամեն ինչ շատ կանխատեսելի էր, մի փոքր էլ նույնիսկ հասկանալի` հաշվի առնելով հայկական իշխանությունների որակը: Ես շնորհավորում եմ օլիգարխներին, որոնք չնայած իրենց ակնկալածից քիչ, բայց ամեն դեպքում ինչ որ գումար կստանան (չնայած ՀԺ-ն դիմելու է նաեւ դատական մյուս ատյան): Ես ասեմ, որ սա շատ պարզ պատվեր էր, Հայաստանի իշխանությունները ժուռնալիստիկայի պատմության մեջ նոր էջ բացեցին. նրանք նպատակ ունեն արգելել մամուլին այլ կարծիք ու տեղեկություն հրապարակել: Հայհոյանքներով, հաթաթաներով փորձում են փակել մամուլի բերանը»: Այն հարցին, թե ի՞նչ եք պատրաստվում անել` որպես հայտարարության հեղինակ, Կարախանյանն ասաց, թե «դեռ ինչ որ քայլեր կմտածենք, չնայած որ Հայաստանում մեզ ասում են, թե ինչ ուզում եք արեք` թուղթ ու գիչը մեր ձեռքին է, դատարանն էլ հետը: Բայց ասեմ, որ երկար չեն ուրախանա»: Կապվեցինք նաեւ եռյակ գործարարներից Սամվել Ալեքսանյանի հետ` ճշտելու, բավարարվա՞ծ է արդյոք դատարանի վճռից: Նրա խոսքերից ակնհայտ երեւաց, որ առանձնապես ոչ տեղյակ է, ոչ էլ ոգեւորված: Երբ լսեց մեր հարցը, նախ ասաց, թե քաղաքում չէ, հետո երբ ասացինք, թե ի՞նչ է տալու Ձեզ այդ 2 մլն դրամը, Ալեքսանյանը հիշեց, որ «ժողովի է»: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ 2 ՄԼՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՊԱՏԻՎԸ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ