Մայիսի 15-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց 67 կողմ, դեմ` 18, ձեռնպահ` 29 ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի փոփոխված տարբերակով ուժը կորցրած է ճանաչվում կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում էր տույժերի և տուգանքների ենթարկել այն գործատուներին, որոնք հրաժարվում էին գումար փոխանցել ֆոնդերին: Նոր օրենքի համաձայն` պետք է հաշվի առնել քաղաքացիների կամքը: Եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր գումարները գանձվեն, կարող է դիմում ներկայացնել գործատուին և պահանջել, որ իր աշխատավարձից գումար չգանձեն:
Գործատուների մեծ մասը, սակայն, հրաժարվում է վերցնել իր աշխատակիցների դիմումները:
Armlur.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ եթե աշխատակիցների վրա ճնշումները շարունակվեն, կլինեն հանրային բողոքներ և ակցիաներ:
Դավիթ Մանուկյանը խորհուրդ է տալիս գործատուների կողմից ճնշումների ենթարկված աշխատակիցներին չլռել, բարձրաձայնել, քանզի գործատուները վախենում են հրապարակայնացվելուց, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելուց:
Բացի բողոքի ակցիաներից ու ընդվզումներից` աշխատակիցները կարող են նաև իրավական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները: «Չվերցնել աշխատակիցների դիմումները, վախեցնել նրանց, դա քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներով լուծվելիք խնդիր է: Աշխատակիցները կարող են դիմել դատարան և նման գործատուներին քրեական պատասխանատվության ենթարկել»,- եզրափակեց Դավիթ Մանուկյանը:
Սոնա Դավթյան