«Հայ ագրարարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանից armlur.am-ը փորձեց պարզել` գյուղատնտեսական առումով ինչ կշահի Հայաստանը Մաքսային միության անդամակցությունից:
Գյուղատնտեսը կարծում է, որ վաղ է որևէ ռեալ արդյունքի մասին խոսել: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` ճտերն աշնանն են հաշվում: «Ռուսաստանի շուկան լավ հնարավորություններ է ընձեռում մեզ, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանում ենք ծիրան, խաղող, բանջարեղեն: Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունը կհեշտացնի այդ արտահանումները»,- ասաց Բերբերյանը:
Ասել, թե ռուսական հագեցած շուկան անհամբեր սպասում է հայկական արտադրանքին, ճիշտ չէ, քանի որ Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենը հազիվ բավարարի Ռուսաստանի մի շրջանի:
Այնուամենայնիվ, Հայաստանը ռուսական շուկա կարող է արտահանել միրգ, կարտոֆիլ, վերամշակված մսամթերք: «Եթե լավ աշխատենք, գուցե վերականգնենք ԽՍՀՄ ժամանակ արձանագրված արտահանման ծավալները»,- կարծում է Բերբերյանը:
Մաքսային միությանն անդամակցելուց առաջ պետք է մեր տնտեսությունը զարգացնել. կլանայինից այն դարձնել ազատ, որտեղ բոլորը կարող են արտահանմամբ ու ներկրմամբ զբաղվել: «Դրա համար եմ ասում, որ կարևոր է գյուղմթերք արտադրողի մասին օրենք ընդունել, հստակեցնել գյուղմթերք արտադրողների իրավունքներն ու պարտավորությունները»,- եզրափակեց գյուղատնտեսը:
Սոնա Դավթյան