Նախարարը տեղյակ չէ, որ ուսուցիչներին ստիպում են ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնությունն ահազանգել էր, թե դպրոցներում այն ուսուցիչներին, ովքեր դիմում են գրում «պարտադիրից» հրաժարվելու համար, ստիպում են ազատման դիմում գրել:

Անդրադառնալով նմանօրինակ լուրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե նման տեղեկություններ չունեն, եթե ստանան, կզբաղվեն:

Ասատրյանն ասաց, որ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրենքն արդեն գործում է, օրենքի շրջանակներում յուրաքաչյուր ոք կարող է դիմում գրել և հրաժարվել պարտադիր կուտակային վճարից:

Այն դիտարկմանը, որ, փաստորեն, դպրոցներն օրենքը խախտում են, նախարարը պատասխանեց. «Դուք ունե՞ք էդպիսի տեղեկատվություն: Եթե կան կոնկրետ դեպքեր, կարող եք ներկայացնել, յուրաքանչյուր կոնկրետ դեպքը քննության առարկա կդառնա»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանը  նաև նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համակարգից հրաժարվող աշխատակիցներ չկան:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատող անձինք երևի ավելի լավատեղյակ են բարեփոխումների նպատակներին, խնդիրներին և այդպիսի որոշումներ են կայացրել»,- ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո ոչ մի պատգամավոր նախարարին հարց չուղղեց:




Լրահոս