Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ մեր երկիրը` 2000-ից: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների` աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ծխախոտի դեմ պայքարն ամեն տարի նոր թափ է ստանում:
«Առողջապահության նախարարությունում հանրային առողջապահական խնդիրներն առավել մեծ ծավալներով են ներկայացված»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` ծխելու դեմ պայքարի գործում նախարարության, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքը միտված է առաջին հերթին հանրային վայրերում չծխելու, ուրիշների առողջությանը չվնասելու նոր մշակույթ ձևավորելուն:
Միջոցառման ընթացքում լրագրողների ուշադրությանը ներկայացվեց հեռուստալրագրող Դավիթ Պետրոսյանի հեղինակած, ՀՀ նախագահի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում նկարահանված հատուկ ֆիլմ, որում անվանի հասարակական-մշակութային գործիչները` Արթուր Իսպիրյանը, Եգոր Գլումովը և իրենց ընտանիքի անդամները խոսում էին առողջ ապրելակերպի մասին` կոչ անելով հանրությանը խուսափել ծխելուց և դրա բացասական հետևանքներից:
Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը` ներկայացնելով վիճակագրական տվյալները` նշեց, որ համաձայն վիճակագրության, մեր երկրում տարեկան 3-4000 մարդ է մահանում` մեծամասամբ սրտանոթային հիվանդություններից, որոնց առաջացման հարցում մեծ դեր ունի նաև ծխախոտի օգտագործումը:
«1999 թվականից սկսած Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են պարզել ծխախոտի տարածվածության մակարդակը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը: Նա տեղեկացրեց, որ կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել շատ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկան հասակում: Տասնամյակներ շարունակ, սպառման տեսանկյունից, ծխախոտը աննախադեպ ապրանքատեսակ է. չհանդիսանալով առաջին անհրաժեշտության ապրանք` այն լայնորեն սպառվում է: Վերջին ժամանակաշրջանում ծխելու դեմ պայքարն առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: Բազմաթիվ երկրներ, հաշվի առնելով սեփական առողջապահական նպատակները, իրականացնում են համապատասխան քաղաքականություն` նպատակաուղղված ծխախոտային արտադրանքի սպառման նվազեցմանը: Բազմաթիվ երկրներ հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազում:
Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Վերջերս իրականացված հարցման համաձայն` 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց 2.3%: Նշվածը վկայում է, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում (համաձայն 2004թ. հետազոտությունների` ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված բնակչության 29%, այդ թվում` տղամարդկանց` 60,5% և կանանց` 2,2%:): Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևան քաղաքի և այլ մարզերում հատկապես գյուղական համայնքներում բնակվող կանաց շրջանում:
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով կիրառվում են տարբեր մեխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլն: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ուշադրություն դարձնել գնային քաղաքականության իրականացմանը, շեշտադրելով, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման կարևոր և արդյունավետ միջոց են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն ուղղված է դրան: Առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ-ի նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը: Բանախոսները առողջ ապրելակերպի քարոզման գործում կարևորեցին նաև ԶԼՄ-ների դերը:
Առողջապահության նախարարություն