«Չեմ զարմանա, եթե Մատենադարանի գլխին ռեստորան կառուցվի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները վերադարձնելու են երևանցիներին:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը armlur.am-ի հետ զրույցում  ասաց, որ քաղաքապետը փորձում է  իր խոստումն իրականություն դարձնել, բայց ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում: «Կան բակեր, օրինակ, մեր բակը, որը բարեկարգված է, բայց դրան զուգահեռ Երևանի կենտրոնի որոշ բակերում  կառուցում են  բազմաբնակարան շենքեր, որն  ավերում է առանց այդ էլ ավերված Երևանի կենտրոնը:

Հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով`Երևանի կենտրոնն առանց այդ էլ կոլապսի մեջ է, քանի որ կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Սրան եթե գումարենք որ որոշ բակերում կատարվող շինարարական աշխատանքները, ապա  տվյալ բակերի բնակիչների կյանքը վերածվում է դժոխքի»,- մտահոգվում է  բնապահպանը:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով`դրա դեմ մտահոգ  քաղաքացիներն ու մասնագետները պայքարում են  խնդրի լուծման համար, բայց դեռ որևէ լուրջ արդյունքի չեն հասել: Քաղաքապետարանում ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդը, սակայն նիստ չի եղել, որտեղ  բարձրաձայնենք այս խնդիրները:

Կարինե Դանիելյանը հիշեցնում է`փոքր կենտրոնի մասին օրինագիծ մշակվեց, որտեղ ամրագրվել են մասնագետների առաջարկները, բայց  օրինագիծը դեռևս չի ընդունվել: ՀԿ-ի ղեկավարը չի զարմանա, եթե վաղը օպերայի կամ մատենադարանի  տանիքին կամ  ռեստորան կառուցվի:  «Բոլոր քաղաքներում կենտրոնը պահպանվում է որպես պատմամշակութային ժառանգության տարածք, իսկ  մեզ մոտ  արվում է հակառակը»,- եզրափակեց բնապահպանը:

Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը, ով 1988-ից աշխատել է տարբեր քաղաքապետերի հետ, ուշադրություն է դարձնում մեկ այլ խնդրի վրա. մայրաքաղաքում իրականացվող շինաշխատանքները ճիշտ կազմակերպված չեն. «Պետք է  բանվորները եռահերթ աշխատեն: Երկրորդ` երեկոյան ժամը 11:00-ից հետո ոչ ոք աղմուկ անելու իրավունք չունի: Բայց ինչպես շատ հարցերում, այնպես էլ այս դեպքում շինաշխատանքները օրենքով կարգավորող դրույթները մնում են թղթի վրա»:

Պողոսյանի կարծիքով` շինարարներին մի հերթով աշխատեցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ շահագործում: «Գիշերային աշխատանքը ավելի բարձր է գնահատվում, քան ցերեկայինը:  Այն տարածքում, որտեղ շինաշխատանքներ են իրականացվում, խախտվում է  տվյալ տարածքի բնակիչների  անդորրի իրավունքը»,- մանրամասնում է սպառողների միության նախագահը:

Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին դիմել քաղաքապետարան, եթե շինաշխատանքների պատճառով խախտվում է նրանց անդորրը. «Շինարարական նորմերի խախտումներ հիմնականում լինում են հանգստյան օրերին, իսկ քաղաքապետարանի թեժ գիծը  այդ օրերին չի աշխատում, որը զավեշտ է»:




Լրահոս