ՋԱՎԱԴՅԱՆԸ ԿՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԻ
Հուլիսին լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նա շարունակելու է պաշտոնավարել: Սերժ Սարգսյանը երեկ ԿԲ նախագահի պաշտոնում ԱԺ հաստատմանն է ներկայացրել Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Հարցն արդեն իսկ ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Նշենք, որ ԿԲ նախագահին հանրապետության նախագահի առաջարկով նշանակում է խորհրդարանը՝ 6 տարի ժամանակով:
ԾՐԱԳԻՐԸ ԼԱՎՆ Է
ՀՀԿ նիստին երեկ մասնակցում էին Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ Սարգիս Սահակյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը: Քննարկվում էր կառավարության առաջիկա ծրագիրը: Սարգիս Սահակյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ լիահույս է կառավարության առաջիկա ծրագրի արդյունավետության առումով: Մեր հարցին, թե որեւէ առաջարկ, թեկուզ Արագածոտնի մարզի հետ կապված, ներկայացրե՞լ եք, Սահակյանն ասաց. «Ոչ, չեմ ներկայացրել, բայց կառավարության այս ծրագիրը լավն է ու արդյունավետ»: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ կարծում է, որ կառավարության ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ լինելու դեպքում կարելի է կարծիք հայտնել: «Հիմա դեռ քննարկման փուլում է ծրագիրը»,-մեզ հետ զրույցում ասաց մարզպետը, եւ պատասխանելով հարցին, թե Գեղարքունիքի մարզի հետ կապված ի՞նչ առաջարկ եք ներկայացրել՝ ասաց. «Ոչ միայն այս նիստում, այլեւ այլ քննարկումների ժամանակ առաջարկներ արել ենք, օրինակ՝ տարածքների համաչափ զարգացման մասին ենք խոսել»:
ԷԴՄՈՆԸ ԴԵՄ Է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մտադիր է ԱԺ առաջիկա քառօրյայում արտահերթ կարգով քննարկել Ազգային ժողովի ներկայիս խառը ընտրակարգից «100 տոկոս համամասնական ընտրակարգի» անցում կատարելու նախագիծը: Մեր տեղեկություններով՝ դա լինելու է չորեքշաբթի օրը: Երեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները նախագծին քվեարկել են կողմ, իսկ ՀՀԿ-ականներն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դեմ: Դեռ մինչեւ քվեարկելը Ջհանգիրյանն առաջարկել է քննարկումներ չծավալել հարցի շուրջ, քանի որ բոլորի դիրքորոշումը պարզ է, պարզ է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանը քվեարկելու է ՀՀԿ-ականների նման: «Ասի, չէ, Էդմոնդն անցնելու է այն կողմ»,- նիստի ավարտին ասել է Ջհանգիրյանը: