ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀԵՂԻՆԱԿԱԾ» ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ արտահերթ նիստում ձայների 65 կողմ, 41 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Գնումների մասին» եւ «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:

Հիշեցնենք, որ նախագծերի հիմնական զեկուցող՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը ցանկանում է հատուկ պետական պահպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները ներգրավել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:
ԱԱԾ պետի տեղակալը նշեց նաեւ, որ կառավարությունը նպատակ ունի համապատասխան տեղեկատվությունը գաղտնի պահելու միջոցով ապահովել պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը: «Ժողովուրդ»-ը նախագծի վերաբերյալ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը, որին ԲՀԿ-ն դեմ է, ի՞նչ խնդիրներ է առաջացնելու:
-Դա ՀՀ քաղաքացու, հարկատուի իրավունքի ոտնահարում է, ՀՀ հարկատուն է վճարում այդ ծախսերի համար ու ՀՀ քաղաքացի-հարկատուն պարտավոր է իմանալ, թե իր մուծած հարկերով ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ինչ ծախսեր են անում: Այն ծախսերը, որոնք իրենք փորձում են ներկայացնել, դրանք բացարձակապես հատուկ գրիֆի` գաղտնի նշակնքման անհրաժեշտություն չունեն: Այո, մենք հասկանում ենք, որ կա անվտանգության խնդիր, բայց սնունդ, կեցություն, տրանսպորտ եւ այլն բերել եւ ներկայացնել հատուկ գրիֆով բացարձակապես անընդունելի է: Ես անձամբ միջազգային փորձում նման նախադեպի չեմ հանդիպել: Կրկնում եմ՝ որեւէ մեկը դեմ չէ հատուկ դեպքերում բերել գաղտնիության գրիֆ, ինչը եւ արվում է, բայց այս դեպքում սխալ է, աշխատանքները պետք է տեսանելի ու թափանցիկ լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Քաղաքացին է հարկատուն եւ քաղաքացու գումարներով են կատարվում այդ ծախսերը:
-Այսինքն՝ ստացվում է, որ վերահսկողություն չի՞ լինելու:
-Ամբողջությամբ գնալու է ստվերի տակ, գաղտնի գրիֆի տակ, որպեսզի, ասենք, չիմանանք, թե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսքան միլիոն դրամով չարթերային ինքնաթիռով գնացել էր Բրյուսել, Թիֆլիս: Այս նախագիծը բերել էր նախկին կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ նախագծի հույժ հրատապությունը ծագեց այն ժամանակ, երբ մամուլը սկսեց գրել Տիգրան Սարգսյանի մասնավոր ինքնաթիռներով շրջագայությունների մասին: Ահա դրանից հետո Տ. Սարգսյանի կառավարությունը հապճեպ բերեց այս նախագիծը: Ու կարծում եմ՝ այս նոր կառավարությունը այն պետք է հետ տաներ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս