ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Երեկ ՀՀԿ-ականները «հավաքվել» էին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում՝ քննարկելու ՀՀ կառավարության ծրագիրը, որը նոր ձեւավորված կառավարությունը կներկայացնի առաջիկա քառօրյայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կառավարության ծրագիրը կքննարկվի երեքշաբթի օրը, քանի որ դեռեւս կան նախագծեր, որոնք կիսատ են մնացել: Ու այժմ իշխող ՀՀԿ-ն մտադիր է դրանք ավարտելուց հետո սկսել կառավարության ծրագրի քննարկումը:
ՕԵԿ-Ը ՓՈԽԵՑ ՊԱՐԻՏԵՏԸ
ԱԺ պատգամավորները երեկ ստորագրահավաք էին իրականացնում մայիսի 19-ին՝ ժամը 18.00-ին արտահերթ նիստ գումարելու համար: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է` ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման սկզբունքի փոփոխությունը: Գործող հանձնաժողովը կազմավորվել է պարիտետի սկզբունքի վրա. հանձնաժողովի 10 անդամներից 5-ը ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներ են, երկու անդամ ԲՀԿ-ից եւ մեկական՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ժառանգություն»-ից: Իսկ մյուս 5 անդամներից չորսը ՀՀԿ-ականներ են, մեկ անդամ ՕԵԿ-ից: ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալու մասին հայտարարությունից հետո պարիտետը խախտվել է: Արտահերթ նիստի ժամանակ պետք է դրվի հանձնաժողովում համամասնությունները փոխելու հարցը: Հնարավոր է նաեւ հանձնաժողովի անդամների թիվը հասցվի 12-ի:
ՆԱԽԱՐԱՐԻ ԲԵՌՆԱՏԱՐԸ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն: Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ 3 մարդատար եւ 1 բեռնատար մեքենա. նա ունի Լեքսուս LS600, Միցուբիշի պաջերո եւ Վազ 2121 մեքենաներ, իսկ բեռնատարը՝ ԶԻԼ մակնիշի է: Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի եւ 776 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանն, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ: