«Առաջարկում եմ բացառել հատուկ ձեւով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը եւ տարբերակումը: Այս լրացումը պայմանավորված է ընտրակեղծիքների դեմ պայքարի անհրաժեշտությամբ»։
Տիգրան Ուրիխանյան Armlur.am
Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երկրորդ խոշոր ընտրակեղծարար Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության անդամ պատգամավորն այսօր ինքն է որոշել պայքարել ընտրակեղծիքների դեմ՝ հավանաբար մոռանալով, որ, օրինակ, Քոչարյանի օրոք, երբ ԲՀԿ-ն «ընտրվեց» որպես խորհրդարանական կուսակցություն եւ մտցվեց կոալիցիա, իրենք էին, որ Քոչարյանի հովանու ներքո կիրառում էին ընտրակեղծարարության տարբեր տեխնոլոգիաներ` ընտրակաշառք էին բաժանում: Ինչպես ասում են՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Հայաստանում այս երեւույթն արդեն ավանդույթ է դարձել:
«Միգրացիոն քաղաքականության հարցերը հանդիսանում են տարածաշրջանային ինտեգրացիայի կարեւոր գործիք, որոնք ընկած են բարեկամ երկրների միջեւ առկա հարաբերությունների ամրապնդման հիմքում»:
Անդրանիկ Նիկողոսյան Slaq.am
Ահա թե ինչին հանգեցրեցին «Պուտինյան ակումբները», որոնց գոյության եւ գործունեության իմաստը նախկինում շատերին անհասկանալի էր: Հիմա այդ նույն «Պուտինյան ակումբների» նախագահը, ով նաեւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահն է, իր հաջորդ պարտքը համարում է Հայաստանից Ռուսաստան բնակչության միգրացիայի խթանումը, այսինքն՝ փաստացի արտագաղթի քարոզումը: Եվ այդ երեւույթին նույնիսկ արդարացում է գտնում՝ տարածաշրջանային ինտեգրացիան կարեւոր գործիք: Ի՞նչ ինտեգրացիա, ի՞նչ գործիք, երբ արտագաղթի ծավալներն այնքան են մեծացել, որ երկիրը դատարկվելու վտանգի առջեւ է կանգնած:
«Վարչապետը (Տիգրան Սարգսյան) կարող է ասել ընդամենը ասելու համար: Իմ կարծիքով` Հ. Աբրահամյանը միայն ասող չէ, պիտի անի: Ու ես համոզված եմ, որ կանի… Ես նրան հավատում եմ»:
Աշոտ Աղաբաբյան 1in.am
Երբ Տ. Սարգսյանն էր վարչապետ, ՀՀԿ-ական այս գործարար-պատգամավորը նույն ձեւով Տ. Սարգսյանին էր հավատում: Հիմա հենց վարչապետ դարձավ Հ. Աբրահամյանը, Ա. Աղաբաբյանը միանգամից փոխեց իր հավատքի օբյեկտին` սկսեց հավատալ Հ. Աբրահամյանին: Իսկ Տ. Սարգսյանը նրա համար ուղղակի դարձավ ընդամենը դատարկ խոսացող: Այսինքն՝ այս տրամաբանությամբ եթե պատկերացնենք, որ մի օր վարչապետ կարող է դառնալ, օրինակ, Լեւոն Զուրաբյանը կամ Աղվան Վարդանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ էլ, ենթադրենք, Հեղինե Բիշարյանը, Աղաբաբյանը նրանց է՞լ պիտի հավատա: Թե՞ նրանց հիմա էլ է հավատում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ