ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:

Նելլի Ղազարյան (50 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք՝ այս հրապարակումը կօգնի մեր հայրենակիցներին, որպեսզի նման հարցերում ճիշտ կողմնորոշվեն եւ օրենքը կիրառեն ողջ խստությամբ:

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ պետական կառույցում, ստանում եմ կայուն աշխատավարձ: Ուզում եմ վարկ վերցնել, բայց առանց գրավադրման: Խնդրում եմ ասեք, դա հնարավոր է իրագործել, եթե այո, ապա ինչպես:

Կարեն Միրզոյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Գրավի մասին նշենք, որ այն հանդիսանում է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար միջոց: Այսինքն՝ հիմնական պարտավորությունը չկատարելու դեպքում այն բավարարվում է գրավ դրված գույքի արժեքից: Հետեւաբար, վարկային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ առանց որեւէ գույքի գրավադրման: Միեւնույն ժամանակ վարկատուն ձեզ հետ վարկային պայմանագիր կնքելու ժամանակ ձեր կողմից վարկային պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում ձեզ որպես վարկ տրամադրված դրամական միջոցները հետ ստանալու նպատակով կարող է ձեզ հետ գրավի պայմանագիր կնքել: Ինչ վերաբերում է ձեր աշխատելուն, ապա այն հանդիսանում է լրացուցիչ չափանիշ ձեր վարկունակությունը գնահատելու հարցում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում՝ հատկապես գյուղացիների համար գյուղատնտեսական վարկեր ձեռք բերելը համեմատաբար հեշտացել է: Այլ խնդիր է, որ այդ վարկերը մարելը նախկինից ավելի դժվարացել է սոցիալական վիճակի՝ օր օրի վատթարացման արդյունքում: Եվ չնայած ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, այդուհանդերձ գյուղացիների սոցիալական վիճակի բարելավում այդպես էլ դեռ չի նկատվում:

 

ՀԱՐՑ. Նկատեցի, որ Մեծ պահքի շրջանում եկեղեցիների խորանների վարագույրները փակված էին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ են փակվում դրանք: Ընդհանրապես ի՞նչ խորհուրդ է իրենից նեկայացնում դա եւ մինչեւ ե՞րբ է այդպես փակ մնում:

Լինա Մանուկյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բուն Բարեկենդանից փակվում է վարագույրը: Սակայն այն բացվում է մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի Պահոց շրջանում: Դրանք են՝ Տյառնըդառաջը, Աստվածածնի Ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապն: Մեծի Պահոց շրջանն ավարտվում է Ղազարու հարության հիշատակի հետ միասին: Եվ սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի պահոց շրջանի ավարտը: Սակայն սկսվում է Ավագ շաբաթը: Մինչեւ Խավարման գիշեր բոլոր մաղթանքները վերաբերում են Տիրոջ Գալստյան, քանի որ Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ: Ավագ հինգշաբթի բաց պատարագ է լինում՝ Խորհրդավոր Ընթրիքի հիշատակն է. կարող եք Ս. Պատարագին մասնակցել եւ Ս. Հարղոդություն ստանալ: Երեկոյան, երբ կատարվում է ուրբաթի գիշերային ժամերգությունը, դարձյալ փակվում է վարագույրը եւ բացվում է միայն Հարության ճրագալույցի ժամանակ: Քանզի Տերը մատնվում է, խաչվում, դրվում գերեզման, ավերում է դժոխքը եւ միայն Հարության ավետիսով է բացվում մեզ համար Աստծո մեծ փառքը:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցանկալի է, որ յուրաքանչյուր քրիտոնյա տեղեկացված լինի մեր կրոնական ծեսերի եւ ավանդույթների մասին: Եվ առավել ողջունելի է, երբ նման հարցերով հետաքրքրվում են երիտասարդները:




Լրահոս