ՀՈԳՈՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ նա  Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է եւ ժամանակին բավականին սուր քննադատության էր ենթարկում «Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգին»: Հիմա նա պետք է աշխատի նույն զույգի ներկայացուցչի հետ` Սերժ Սարգսյանի իշխանության ներքո: Իհարկե, մինչ այս էլի են եղել ընդդիմադիր գործիչներ, որոնք բարձր պաշտոն են ստացել եւ մոռացել իրենց ընդդիմադիր կեցվածքի մասին:
Այնուամենայնիվ, հետաքրքիր էր զրուցել Ալեքսան Կարապետյանի հետ` պարզելու համար, թե իրեն ընդդիմադիր համարող գործիչն ինչպես է կարողանում աշխատել գործող իշխանության հետ:
-Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ ընդդիմադիր, հոգով ընդդիմադիր իշխանություններին պետք չէ: Չէ՞ որ եթե մարդը հոգով ընդդիմադիր է, նա կարող է պայքարել ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ իշխանությունից դուրս` ժողովրդի վիճակը լավացնելու, գործերը բարելավելու համար: Ինձ թվում է` այդ հոգին շատ պետք է: Այդպես չէ՞: Ես այդպես եմ կարծում, քանի որ հոգով ընդդիմադիր ամեն տեղ է պետք, ընդդիմադիր աշխատանքների բարելավման համար, որպեսզի ժողովրդի համար լավ բան արվի, ամեն մարդ իր տեղում լինի եւ օգուտ տա ժողովրդին: Ինձ թվում է` ընդդիմադիրի ֆունկցիան ես կկատարեմ իշխանության մեջ:
-Գաղտնիք չէ այն, որ Դուք ժամանակին քննադատում էիք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ընդ որում, ամենասուր եւ կոշտ հնչերանգներով, իսկ այժմ նույն Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունում եք, դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այո՛, քննադատում էինք, եւ հիմա գիտեք ի՞նչ է ստացվում, որ մենք անընդհատ քննադատում ենք: Հիմա էլ կարծես ընդդիմությունն իրեն պատկերացնում է միայն քննադատողի դերում, բայց չէ՞ որ դրա հակառակ հարցն էլ կա: Ասում են` բա մենակ քննադատում էիր,  հիմա արի տեսնենք` դու ինչ կարաս անես, որ մեզ քննադատում ես, եւ հիմա էդ ժամանակն է եկել: Եւ եթե ես քննադատում էի, թե սենց մի՛ աշխատեք,  սե՛նց աշխատեք, հիմա ասում են` դե ցո՛ւյց տուր տեսնենք` ինչպես ես ուզում աշխատենք:
-Այսինքն` գնացել եք ցույց տալու, թե ինչպես կարելի է ճիշտ աշխատել:
-Այսինքն` գնացել ենք, որ ասենք, որ բացի քննադատելուց, մենք կարող ենք լավ աշխատել:
-Բայց աշխատել այդ նույն իշխանությունների հետ, որոնք, ըստ Ձեզ, չեն կարողանում աշխատել…
-Իշխանությունների հետ չպետք է աշխատել, այլ պետք է աշխատել ժողովրդի համար: Այստեղ ի՞նչ կապ ունեն իշխանությունները: Մենք երկրի ղեկավարի նախընտրական ծրագրերն ընդունել ենք եւ այդ նախընտրական ծրագրերի կատարման համար աշխատում ենք: Ի դեպ, ասեմ, որ քննադատելն ավելի հեշտ է, քան աշխատելը: Դեռ աշխատանքային առաջին օրերն են, ու դեռեւս ոչ մի բան չեմ կարող ասել, բայց որ դժվարություններ կլինեն, ես չեմ կասկածում:
-Պարո՛ն Կարապետյան, կարո՞ղ եք անկեղծանալ ու ասել` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում ով է Ձեր թեկնածությունն առաջարկել:
-Առաջարկությունն Արտաշես Գեղամյանինն է եղել, իսկ որոշել է վարչապետը:
Հ.Գ. Նշենք, որ ըստ տարածված լուրերի` «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատրաստվում է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնակն ընտրացուցակով մտնել խորհրդարան: Ի դեպ, Գեղամյանն ինքը չի հերքել այդ լուրերը:  

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս