ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմությունն, ըստ էության, հայտնվել է խորհրդարանից դուրս մնալու վտանգի առաջ: Ակնհայտ է, որ առաջիկայում հիմնական ընտրապայքարն ընթանալու է քաղաքական դաշտի երեք հիմնական խաղացողների` Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Ու հիմա, երբ խոսվում ու քննարկվում են տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաներ, դրանցում չկան ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ «Ժառանգություն»-ը  եւ ո՛չ էլ կոալիցիայի անդամներից ՕԵԿ-ը:
Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ ՀՅԴ-ն նաեւ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի` առաջիկա քարոզարշավը նորմալ առաջ տանելու համար: Ինչպես հայտնի է` այս կուսակցության հիմնական ֆինանսական միջոցները եկել են սփյուռքի իրենց կառույցներից: Բայց քանի որ ՀՅԴ հայաստանյան եւ սփյուռքի կառույցների միջեւ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, հիմա ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել: Առավել եւս, որ ՀՅԴ  համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ոչ բոլորն են շահագրգռված գումարներ ներդնել քարոզարշավին: ՀՅԴ-ականներն, իհարկե, հերքում են այս լուրերը: ԳՄ անդամ Արա Նռանյանն ասաց, որ բոլոր ընտրություններից առաջ միշտ էլ նման «ավանդական խոսակցություններ» շրջանառվում են, բայց երբեք դրանք իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն այդ լուրերը որակեց որպես «հիմարություն»:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձեւաչափին, ապա ամենայն հավանականությամբ նրանք կգնան առանձին: Թեեւ տեսակետ կա, որ վերջին պահին շատ անակնկալ կերպով ՀՅԴ-ն դաշինք կազմի ԲՀԿ-ի հետ: Որքան էլ այս սցենարն անհավանական թվա, միեւնույն է, որեւէ բան չի բացառվում: Արտյուշա Շահբազյանն ասաց, որ ՀՅԴ-ում ընտրություններին որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքով մասնակցելու տարբերակ ընդհանրապես չեն քննարկում: Վերլուծաբաններից ոմանք այսքանից հետո կարծում են, որ ՀՅԴ-ին չի հաջողվի հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար սահմանված նվազագույն շեմը, առավել եւս, եթե նրանք ընտրություններին մասնակցեն միայնակ: Թեեւ կա տեսակետ, որ այնուամենայնիվ, իշխանությունները թույլ կտան այս կուսակցությանը մի քանի մանդատ ունենալ, այն էլ՝ ոչ թե նրանց «ընկերվարական, բոցաշունչ ելույթների» համար, այլ սփյուռքի աչքը շոյելու եւ սփյուռքից գումարներ կորզելու ակնկալիքով: Ի դեպ, ՀՅԴ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղ խնդիրն ավելի քան լուրջ է: ԱԺ-ում այս կուսակցության հայտնվելու շանսերն առավել քան քիչ են: Պատճառները տարբեր են: Հիմա կրկին խորհրդարանում հայտնվելու համար այս կուսակցությունը մտմտում է դաշինք կազմելու շուրջ, իսկ որպես պոտենցիալ գործընկեր` համարում են «Ազատ դեմոկրատներ»-ին: Ուշագրավն այն է, որ  «Ազատ դեմոկրատներ»-ից ոմանք տարբեր առիթներով չեն ժխտել այդ քննարկումները՝ համոզված, որ գաղափարախոսական դաշտի վրա իրենց միավորումը թույլ կտա ձայներ հավաքել: Սակայն «Ժառանգություն»-ը չի շտապում այդ մասին կոնկրետ հայտարարություններ անել: «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք վաղը գումարելու են վարչության նիստ: «Մինչ այդ որեւէ բան ասել չեմ կարող: Ոչինչ որոշված չէ: Եթե որեւէ բան որոշվի, մենք ինքներս կհրապարակենք, մենք ինքներս շահագրգռված կլինենք տեղեկացնելու»,-ասաց նա:
Ի դեպ, ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգություն»-ը դեռ հույս ունեն, որ իրենց օգտին քվեարկելու են իշխանություններից զզված, բայց եւ Կոնգրեսից հիասթափված քաղաքացիները: Մասնավոր զրույցներում նրանք չեն հերքում այդ փաստը: Նույն ընտրազանգվածի վրա «աչք ունի» նաեւ ԲՀԿ-ն, որն «ընդդիմադիր խաղերի» շնորհիվ փորձելու է հանուն իշխանության ձայներ տանել բոլորից: Խոստովանենք, քանի որ այս չորս տարիների ընթացքում Կոնգրեսին դեռ չի հաջողվել հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, բնական է, որ այդ հանգամանքը քաղաքացիների կողմից միանշանակ չի ընկալվում, անգամ հիասթափությունների ու դժգոհությունների տեղիք է տվել: Սակայն նախընտրական քարոզչությունը ոչ միայն կլարի քաղաքական կրքերը, այլեւ շատ հավանական է, որ ետ կբերի Կոնգրեսից հիասթափված մասսայի զգալի հատվածին: ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ տվեց հույս չդնել հիասթափված մարդկանց վրա: «Իրականում այդ հիասթափությունն անհիմն է, քանի որ Կոնգրեսն այնպիսի քայլեր չի արել, որից մարդիկ կհիասթափվեն: Կոնգրեսը  նույն ժողովուրդն է, որը ոտքի կկանգնի նորից»,-Կոնգրեսի հաշվին ձայն տանելու հույսեր փայփայողներին հիասթափեցրեց նա: «Մենք շատ մտածված գնացել ենք մեր ճանապարհով, ավելին, Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում է, որ հասկանում ենք՝ երկիրը ցնցումների տանել հարկավոր չէ: Բայց ամեն ինչ ունի ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ: Այնպես որ, հաջորդ անգամ այլեւս չեն կարողանա վայելել կեղծիքները»,-ասաց Եղիազարյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս