ԱՆՀԵՌԱՏԵՍ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին գնալով ավելի ու ավելի են հաճախանում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին Արեւմուտքի հայտարարությունները: Հատկապես ամերիկացի դիվանագետներն այլեւս անթաքույց կերպով վախեցնում են Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ, ընդ որում, դա, կարծես թե, հասցեագրելով առավելապես հայկական կողմին: Եվ եթե նախկինում այդ սպառնալիքը ներկայացվում էր դիվանագիտական փաթեթավորմամբ, ապա հիմա արդեն ԱՄՆ ներկայացուցիչները բացահայտ տեքստով ասում են. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցը շուտափույթ կարգավորվի, քանզի մտավախություն ունենք, որ Ռուսաստանը Ղարաբաղում էլ կարող է կրկնել Ղրիմի սցենարը: Երեկ գրեթե հենց այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ»,- «Ազատությանն» ասել է դեսպանը:
Շարունակելով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հռետորաբանությունը, Մորնինգսթարն ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումն անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը», մինչդեռ, ի տարբերություն Ուորլիքի նշած 6 կետերի, որոնցից մեկով սահմանվում էր Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը, Մորնինգսթարն ասել է, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը «կհստակեցվի հետագա բանակցությունների ընթացքում»:
Ինչ վերաբերում է հենց իրեն` Ուորլիքին, ապա նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ նախօրեին Ստեփանակերտում դիմավորել են բողոքի ակցիաներով եւ փակել մայրուղին: Մեքենայից իջած եւ ղարաբաղցիների հետ զրուցած Ուորլիքը, բնականաբար, հարցը դիվանագիտորեն լղոզել է` միեւնույն ժամանակ չթաքցնելով, որ նման կոշտ դիրքորոշումն իր համար անակնկալ է եղել:
Հավանաբար ամերիկացի միջնորդին Երեւանում այնքան հազվադեպ են որեւէ հարցում հակադարձում, որ նա անկեղծորեն զարմացել էր ղարաբաղցիների ընդվզումից: Այդուհանդերձ, վստահ լինելով, որ վերջնական «դաբրոն» տրվում է Երեւանից, Ուորլիքը ընդամենը բավարարվել է՝ նշելով, որ այդ չարաբաստիկ 6 կետերը չեն հանդիսանում հակամարտության կարգավորման վերջնական տարբերակը` միեւնույն ժամանակ դարձյալ խոսելով պատերազմի վերսկսման ռեալ վտանգի մասին:
Թե ինչու են ամերիկացիներն այսպես իրար խառնվել` միանգամայն պարզ է: Ինչպես որ պարզ է, որ կարգավորման «ֆորսաժը» մեր օգտին չի լինելու: Արդյոք դա չէին գիտակցում Ղարաբաղի իշխանությունները, երբ Ղրիմի հանրաքվեից (իրականում` բռնակցումից) հետո տոնախմբություն էին կազմակերպում: Ինչ է, մտածում էին, թե ԱՄՆ-ը լուռ հետեւելու է ռուսներին արվող «էստի համեցեքի՞ն»:




Լրահոս