ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՏՂԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՎԱԽՃԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«Դուք բոլորդ անբարոյականներ եք»: Ահա այսպիսի «ինտելեկտուալ» մտքով է փայլել Շուշան Պետրոսյանը երեկ, ԱԺ-ում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչ կարծիքի է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Շուշան Պետրոսյանի հայտարարությունը փաստում է իրենց աստղային լուսապսակի շողարձակումից կուրացած հավաքական կերպարի մտածողությունը: Երկու դեպքում էլ՝ թե՛ Վերնիսաժի դեպքի մասնակիցների, թե՛ Շուշանի, գործ ունենք նույն արժեհամակարգի, նույն մենթալիտետի տեր մարդկանց խմբի հետ: Մեկը կրակում է հրազենով, մյուսը` լեզվով: Իսկ լեզվից կրակողների պակաս ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ էլ ԱԺ-ում ընդհանրապես չի զգացվում: Եվ ինչով է երգչուհի պատգամավորը տարբերվում հայհոյող թաղային հեղինակություններից: Ժողովուրդն ասում է. «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ չէ»: Անգամ, երբ մի պահ փորձում ենք հասկանալ Շուշանի վրդովմունքի պատճառը, թե ինչու են լրագրողները թողնում, որ հոդվածների տակ մեկնաբանություններ գրվեն, ապա Շուշանը, որպես պատգամավոր, գոնե պետք է տեղյակ լիներ, որ նույն ԱԺ-ում արդեն իսկ քննարկվել ու հետաձգվել է «ֆեյքերի» մասին հանրահայտ օրինագիծը, որը Շուշանի ասած «վատ բառերի» հեղինակների մասին է: Եվ բոլորի համար էլ հասկանալի դարձավ, որ լրագրողները կապ չունեն համացանցում արված մեկնաբանությունների հետ:
Ի դեպ, երկնակամարում երբեմն շատ վառ աստղեր են հայտնվում, բայց պարզվում է, որ դրանք աստղերի հետ կապ չունեն, ընդամենը ասուպներ են, որոնցից կարճ ժամանակ հետո գորշ զանգված է մնում:

 

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել իր ծրագիրը: Այն մի քանի ուշագրավ առանձնահատկություն ունի. չնայած Աբրահամյանը վերջերս հայտարարեց. «Մենք քիչ ենք խոսելու եւ շատ ենք անելու», պարզվում է՝ կառավարության ծրագիրը բավականին մեծ է՝ 78 էջ: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրերը 65 էջից չէին անցնում: Ուշագրավ է, որ ծրագրում բավականին մանրամասն անդրադարձել է հատկապես ՀՀ պաշտպանությանն ու արտաքին քաղաքականության ոլորտներին, նկարագրել այնտեղ իրականացվելիք ծրագրերը: Այնինչ, հենց այս երկու ոլորտները ոչ այնքան կառավարության, որքան՝ նախագահի լիազորությունների շրջանակներում են: Դժվար է ասել՝ սրանով Հ.Աբրահամյանը նախագահության հա՞յտ է ներկայացնում, թե՞, այնուամենայնիվ, որոշել է մանրակրկիտ ուսումնասիրել: Մանավանդ որ ծրագրում նա նաեւ նշել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, իսկ դա հնարավոր է ԼՂ խնդիրը լուծելու եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու դեպքում:

 

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, որը տեղի կունենա մայիսի 22-ին: «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներից մեկին՝ Համաշխարհային հակաճգնաժամային սեմինարին, Տիգրան Սարգսյանը հանդես է գալու որպես համազեկուցող: Տեղեկացնենք, որ Տիգրան Սարգսյանի հետ նույն սեմինարին զեկույցներով հանդես են գալու Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Պորտուգալիայի, Բուլղարիայի եւ այլ պետությունների նախկին եւ ներկայիս առաջնորդներ, համաշխարհային լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Փաստորեն, ՀՀ նախկին վարչապետը պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային պրակտիկայում ձեւավորված «նախկին վարչապետերի ու նախագահների» ինստիտուտում:

 

Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսաներից: Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել: Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը: Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ կրակոցներին մասնակից է եղել նաեւ Գոռի եղբայրը` Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է: Ու թեեւ Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել` թոռնիկի եւ դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիեւում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան: Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ:




Լրահոս