ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՄԻ ՏԱՆԻՑ

Այս տարվա հունիսի 8-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մայր ու որդի: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են. գործող համայնքապետ Թագուհի Բոյախչյանը եւ նրա որդին՝ Դավիթ Գզողյանը: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, Թագուհի Բոյախչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Որդիս սկզբից դպրոցի տնօրեն էր, հետո որոշեց, որ գյուղապետ լինի, իհարկե անցնելու դեպքում: Ես ինքս էլ կուզեի, որ նա ընտրվեր, բայց հետո՝ այլ պատճառով ինքնաբացարկ հայտարարեց: Ինչից հետո էլ ես միայնակ եմ պայքարելու այս պաշտոնի համար»: Տեղեկացնենք, որ Թագուհի Բոյախչյանը 15 տարի է, ինչ համայնքի ղեկավար է: Այն, որ մայր ու որդի են թեկնածություններ առաջադրել միմյանց դեմ, պարզ վկայությունն է նրա, թե ինչ լքյալ վիճակում են համայնքները. կամ տղամարդիկ արտագաղթել են, կամ ոչ ոքի չի հետաքրքրում համայնքապետի պաշտոնը:

ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «հրաշալի քառյակ»-ը մտադիր է բոյկոտել կառավարության ծրագիրը եւ որոշել են այս հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել: Երեկ արդեն ԲՀԿ-ական պատգամավորներն ակնարկում էին այդ մասին: Չի բացառվում, որ այս հարցում Քառյակին միանա նաեւ ՕԵԿ-ը: Նշենք նաեւ, որ «հրաշալի քառյակ»-ի երեք խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը երեկ հայտարարել են ԿԲ նախագահի ընտրությունները բոյկոտելու մասին: Քառյակի մյուս ներկայացուցիչը՝ ՀՅԴ-ն, ու իրեն ընդդիմադիր հռչակած ՕԵԿ-ը դեռ դիրքորոշում չեն հայտնել:

ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ նոր ձեւավորված կառավարության ծրագիրն ինքը հավանել է. «Նորմալ է շատ, հատկապես որ նշված է գնաճը, որը շատ կարեւոր մաս է, ամբողջապես բավարարում է ինձ»: Հիշեցնենք, որ Արմեն Կարապետյանը օրերս ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իր համար «գործ» էր գտել: Վերջինս սեղանին դրված թղթերից «ինքնաթիռ» էր պատրաստում ու իրեն զբաղեցնում այդ աշխատանքով: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին էլ, թե ինչու է ԱԺ նիստերի ժամանակ նման բաներով զբաղվում, հայտարարեց, թե այդ թուղթը «սարքված դրված էր այդտեղ, ես ինչ գործ ունեմ»:

ԼԻՍԿԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Կապանի ոստիկանապետ Վարդան Գեւորգյանն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Թեեւ պաշտոնապես չի նշվում ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, սակայն ըստ շրջանառվող լուրերի` դա կապված է մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող նորաբաց «ստրիպտիզանոցում» վերջինիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:




Լրահոս