ՄՈՏ ՄԵԿ ԱՄՍԻՑ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ն վերջապես ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը` ձայների 88 կողմ, 32 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ մեկ ամիս հետո ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցը կսկսի իր բնականոն գործունեությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հրամանագրում նաեւ նշված էր, որ ՀՀ կառավարությունը` մինչեւ սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների՝ ուժի մեջ մտնելը, պետք է մշակի համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման եւ գործունեության ֆինանսական, շենքային եւ նյութատեխնիկական ապահովման նպատակով:
Հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը եւ Տիգրան Բարսեղյանը, ոստիկանության պետի տեղակալ, Գլխավոր քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ-ում Միասնական քննչական կոմիտե ստեղծելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե օրենքը վերնագրվել է «Քննչական կոմիտեի մասին», բայց այն իրականում օրենք է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու մասին. «Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու գործակալի կարգավիճակ: Հիմա Սերժ Սարգսյանը նրան տեղավորում է այդ աշխատանքին, որովհետեւ չի ուզում, որ Աղվան Հովսեփյանն իր ստվերային ու այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը»:
«Եթե մենք բոլորս դեմ քվեարկենք, Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա, կմնա գործազուրկ ու կդառնա բավականին երիտասարդ թոշակառու, եւ երբ որ դառնա բավականին երիտասարդ թոշակառու, մի քանի ամսից կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Հայաստանի դատական համակարգը, ինչ հրեշավոր մեթոդներով են վարում նախաքննությունը, ու նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության»,-եզրափակել էր Ն. Փաշինյանը: Փաստորեն` պատգամավորի կոչին չհետեւեցին:
 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս