ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ` ԴԱՆԴԱՂ ՄԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդն օրվա մեջ պետք է սնվի առնվազն երեք անգամ, եւ որքան ավելի վիտամիններով հարուստ եւ տան պայմաններում պատրաստված լինի սնունդը, այնքան ավելի լավ առողջության համար»,-խորհուրդ է տալիս բժիշկ-թերապեւտ Ռուբինա Հարությունյանը:
Մարդկանց մոտ աղեստամոքսային բնույթի խնդիրներ կարող են առաջանալ վաղ տարիքից, եւ դրա պատճառն անկանոն ու վնասակար սնունդն է: Իսկ ինչպե՞ս օրը 3 անգամ սնվել վիտամիններով հարուստ, տանը պատրաստված ուտելիքներով, երբ ստիպված ես թե՛ ուսման, թե՛ աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնել դրսում:
Քանի որ տանից աշխատավայր կամ կրթօջախ ուտելիք տանելն արդեն նորաձեւ չէ, մարդիկ ստիպված օգտվում են «Արագ սնունդ» կոչվող սպասարկման կետերից: Նման սննդի կետեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բայց երեւի միայն Հայաստանում է, որ գետնանցումներում վաճառվող ուտելիքը նույնպես համարվում է «Արագ սնունդ»: Բացի նրանից, որ այստեղ նրբերշիկը երբեմն այնքան հին է լինում, որ կապույտ գույն է ունենում, այն պատրաստվում է ոչ մաքուր պայմաններում: Բայց եթե հանկարծ շփոթվես ու վաճառողին հարցնես` թարմ է արդյոք, այնպիսի ձայնային առոգանությամբ պատասխան կստանաս, որ կսկսես կասկածել սեփական տեսողությանդ վրա:
Անդրադառնանք «Վիտամին» ակումբի հումորային դրվագներից մեկին: Արտահայտություններ, որ մարդիկ անում են մեռնելուց առաջ. «Գրազով անցումի տակից 5 հատ շաուրմա առնեմ, ուտեմ»: Այստեղ են ասել` կատակի կեսը լուրջ է:
Բացի սնունդից, տոնավաճառներում եւ գետնանցումներում վաճառում են նաեւ այսպես կոչված «բնական հյութեր»: Լավ, փորձենք հավատալ, որ հյութը բնական է, բայց հնարավոր չէ՞ արդյոք այն վաճառել մեկանգամյա օգտագործման բաժակներով: Այս հարցը տալով գետնանցումներից մեկի վաճառողին` ստացանք հետեւյալ պատասխանը. «Ինչի՞ իզուր նման բաժակներ առնեմ, հենա սրանք մաքուր ջրով ողողում եմ էլի»:
Իհարկե, եթե համեմատենք գետնանցումների եւ, ասենք, «Մր. Գիրոս»-ի կամ «ԿՖՍ»-ի ուտելիքը, բնական է, կընտրենք վերջինները: Բայց նույնիսկ այստեղ վաճառվող սնունդի  համար Ռուբինա Հարությունյանը խորհուրդ է տալիս մաքսիմալ խուսափել կետչուպով, մայոնեզով եւ զանազան այլ սոուսներով պատրաստվող ուտելիքների չարաշահումից:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս