ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ
Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: Օրինակ՝ մարդուց պահանջել են 48.200 ՀՀ դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
ՄՄ-Ն ՉԻ՞ ԸՆԴԼԱՅՆՎԻ
Մաքսային միությունում եւ ձեւավորվող Եվրասիական միությունում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ դեռ կան չլուծված շատ խնդիրներ։ Մինչեւ դրանք չկարգավորվեն, միությունը չի ընդլայնվի: Այդ մասին «Ազատությանն» ասել է Կրեմլին մոտ կանգնած քաղագագետ Ֆյոդոր Լուկյանովը. «Այստեղ խնդիրը ոչ թե Բելառուսի ու Ղազախստանի հետ է, այլ՝ հենց Մաքսային միության հետ է, որովհետեւ այն մի կազմակերպություն է, ուր կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ անգամ երեք հիմնադիր երկրների միջեւ»,-մանրամասնել է քաղաքագետը, ով նաեւ հանդիսանում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով 2011-ին ստեղծված Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի նախագահության անդամ:
ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՉՓՈԽՎԵՑ
Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նախագահ նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ եւ ընտրվում Ազգային Ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով:
ԱՐՍԵՆՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրերն այն մասին, թե իր որդուն ծեծի են ենթարկել: «Ամեն ինչ էլ կարա լինի իր հասակակիցների հետ շփումների ժամանակ: Ինչի՞ պետք է ես խցկվեմ իրենց երիտասարդական հարաբերությունների արանքում, ու հետո ուսանող ա, որը որ հակումներ չունի կռիվներ անելու»,- ասել է Արսենյանը, ով տեղյակ չէ, արդյո՞ք որդին վնասվածքներ ունի: Աղբյուրի փոխանցմամբ` Արսենյանի որդին 18 տարեկան է, սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: