ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները 3 օր է` չեն հեռանում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից: Ինտենսիվ ստուգումներ են տեղի ունենում բուհի գրեթե բոլոր ֆակուլտետներում եւ բաժիններում: Եւ որպեսզի տպավորությունն ավելի ազդեցիկ լինի, կապարակնքվել են ֆակուլտետների դռները, իսկ դասախոսական անձնակազմին խիստ զգուշացում է իջել` ստուգելու են բոլոր փաստաթղթերը:
6-րդ վարչությունը չբավարարվեց մանկավարժության ֆակուլտետի դեկանի ձերբակալությամբ: Հայտնի է, որ նրանից հետո ոստիկանության Գյումրու բաժնում հարցաքննվել են պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան Սերգեյ Հայրապետյանը, նույն ֆակուլտետի քարտուղարուհին ու եւս մի քանի դասախոսներ: Թեեւ լուրը, որ Սերգեյ Հայրապետյանը հարցաքննվել է, հերքում են նրա հարազատները` պնդելով, որ դեկանն այժմ գտնվում է հիվանդանոցում, եւ նրա դեմ նյութեր չկան նախապատրաստված: Հարցաքննությունները թեեւ տեղի են ունենում Գյումրու ոստիկանությունում, սակայն տեղի իրավապահները դարձյալ պնդում են, որ որեւէ տեղեկություն չունեն կատարվածի վերաբերյալ:
Փետրվարի 1-ին` օրվա երկրորդ կեսին, հայտնի դարձավ, որ ինչպես մանկավարժության ֆակուլտետի դեկան 70-ամյա Արտաշես Մկոյանը, այնպես էլ պատմաբանասիրականի դեկան Սերգեյ Հայրապետյանը ստորագրությամբ ազատ են արձակվել` հանրապետությունից չբացակայելու պայմանով: Մանկավարժական ինստիտուտի աշխատանքը կաթվածահար է՝ չնայած ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը  շեշտում է, որ ամեն ինչ արդեն  ընկել է իր հունի մեջ: Վերջինս  լրագրողների հետ շփվելիս փորձում է պահպանել առավելագույն հանգստություն, ավելին, նշում է, որ ինքը վախենալու որեւէ առիթ չունի: Թեեւ լուրեր էին տարածվել, որ հարցաքննվել է նաեւ ԲՀԿ-ական ռեկտորը, սակայն նա հերքում է` պնդելով, որ ինքն անգամ տեղյակ չի եղել, թե որտեղ են հարցաքննվում բուհի ներկայացուցիչները: Ուշագրավն այն է, որ նա հիմա կատարվածի մեջ մեղադրում է իր աշխատակիցներին` շեշտելով, որ չկա որեւէ քաղաքական ենթատեքստ, եւ որ իրավապահները կատարված փաստի առթիվ են քրեական գործ հարուցել. «Կաշառքի մեջ փոքր ու մեծ չկա: Խոսքը երեւույթի մասին է: Ինստիտուտի ղեկավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի նման երեւույթներ չկրկնվեն»:
 ԲՀԿ-ական ռեկտորը պնդում է, որ անկախ ամեն ինչից` ինքը շարունակելու է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ` առանց վախենալու: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` դասախոսներից ցուցմունքներ են կորզվում ընդդեմ բուհի ռեկտորի, որպեսզի վերջինիս կողմից ցանկացած ընդվզման դեպքում  «կոմպրոմատները» դրվեն Վարդեւան Գրիգորյանի սեղանին` լռեցնելով վերջինիս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս