ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ
ՀՀ կառավարության առաջիկա նիստին որոշում կկայացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից 275 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնելու մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարում պաշտոնական կայքէջից: Տվյալ տարածքը Երեւան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում N 6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկն է: Տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու է «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերությանը: Նախագիծը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՔՐԳՈՐԾ ՉԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունում 2013թ. հոկտեմբերի 31-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013թ. անցկացված պատանեկան մրցույթի ժամանակ ծագած միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Հիշեցնենք, որ «Սպարտակ» լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումների ընթացքում «Տիտան» խմբի մարզիչ, Ազգային անվտանգության ծառայության թիկնապահ Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել էր միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար, 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա եւ սկսել հարվածել նրան:
Երեկ ուշ երեկոյան «Ժողովուրդ»-ի տեղեկությունները հաստատեց ՀՔԾ լրատվական ծառայության պետ Միքայել Ահարոնյանը եւ հավելեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է տուժողի բողոքի բացակայության հիմքով: «Այս բնույթի քրեական գործերը հարուցվում են բացառապես տուժողի բողոքի հիման վրա»,- ավելացրեց Մ. Ահարոնյանը:
ԱՍԵՂ ԿՈՒԼ ՉԻ ՏՎԵԼ
2013թ. նոյեմբերի 5-ին, Երեւան քաղաքի Ավան-Նոր Նորք վարչական շրջանում դանակի 17 հարվածից սպանվել էր 42-ամյա Աննա Ստեփանյանը: Վերջինիս գազանաբար սպանել էր Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, ով սպանությունից հետո գնացել էր օդանավակայան եւ փախուստի դիմել: Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Ռոբերտի հայրն ամեն ինչ արել է որդուն հայտնաբերելու ուղղությամբ եւ ահա նրա օգնությամբ գործը գլուխ է բերվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել Հայաստան: Սա դեռ վերջը չէ, Հայաստան տեղափոխված ամբաստանյալ Ռոբերտին կալանավորել եւ տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ էլ օրերս նա ասեղ է կուլ տվել: ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը ասաց, որ ամբաստանյալը հանգիստ իր խցում նստած է եւ նման բան չկա: