Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչները օրեր առաջ նկատել էին, թե ինչպես է գյուղով անցնող Շահվարդ գետի ջուրն աղտոտվել եւ մեծ քանակությամբ ձկներ սատկել: Թե ո՞րն է եղել ձկների անկման պատճառը, ոչ ոքի հայտնի չէ: Սակայն գյուղի բնակիչների մոտ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ձկների անկման եւ գետի աղտոտվելու պատճառը գյուղում գործող գինու երկու գործարաններն են՝ «Ոսկեվազ»-ն ու «Հայասի»-ն:
Նշենք, որ բնապահպանական տեսչության ու սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները դեպքի օրը նմուշառում են կատարել գետի ջրից ու սատկած ձկներից: Լաբորատոր փորձաքննության արդյունքը պարզ կդառնա մի քանի օրից:
«Ոսկեվազ»-ի գինու գործարանի տնօրեն Լեւոն Նուրազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Մեր գործարանում արտադրական ոչ մի գործընթաց չկա, որով ձուկ կթունավորվի: Ավելին՝ գետը գործարանից շատ հեռու է եւ չունի դրան միացնող առու»: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Հայասի» գինու գործարանի տնօրեն Պողոս Շահինյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սատկած ձկները ներկայացվել են թունաբանական հետազոտության: «Թույն չի հայտնաբերվել: Արյան զեղման որոշ երեւույթներ են ընդամենը հայտնաբերել, ըստ որի էլ ենթադրվում է, որ հոսանքահարում է տեղի ունեցել»,- պարզաբանեց մամլո խոսնակը:
Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղում առաջին անգամ է նման դեպք գրանցվում: «Գետը գինու գործարաններից շատ հեռու է: Ինչպես կարելի նման բաներ խոսել: Գինու գործարանները հինգ կմ հեռու են գետից»,- զայրացած ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ձկների զանգվածային ոչնչացման նման դեպք արձանագրվել էր նաեւ նախորդ տարի` հուլիսի 15-ին Արարատի մարզի Դալար համայնքում: Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել էին, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է, Իսկ գետի ձկները՝ համատարած սատկել: Գյուղացիների մեկնաբանությամբ, պատճառը ՝ Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն էր, որի կեղտաջրերով աղտոտված գետի ջրով էլ իրենք այգիները գիշերը ջրել էին: Արդյունքում տեղի էր ունեցել թե՛ բերքի վնասում, թե՛ ձկների զանգվածային ոչնչացում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով: Հետագայում գործը, սակայն, փակվել էր հանցակազմի բացակայության պատճառով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ